«Մենք այսօր միացել ենք ոչ թե Փաշինյանին, այլ համաժողովրդական շարժմանը». Գևորգ Պետրոսյան

«Այս պահին այդ հարցով որևէ քննարկում չի եղել ու որոշում չկա։ Մեզ համար ընդունելի է այն թեկնածուն, որն իսկապես Հայաստանը դուրս կբերի այս վիճակից, կունենա հստակ տնտեսական ծրագիր, կիրականացնի մեր «Ծառուկյան» դաշինքի նախընտրական 15 կետերը, որոնք կառավարման համակարգին ուղղված նվազագույն պահանջներն են։

Հիմա թե ով կլինի թեկնածուն, որևէ որոշում չկա, և անունների վերաբերյալ դատողություններ անելն անիմաստ եմ համարում։ Համենայն դեպս, մենք ինքնուրույն քաղաքական ուժ ենք, մենք երկրորդ քաղաքական ուժն ենք թե՛ մեր կուսակիցների, համակիրների բանակով, և թե՛ Ազգային ժողովում մեր ներգրավվածությամբ, և ցանկացած հարցի վերաբերյալ ցանկացած որոշում չի կարող կայացվել առանց մեր դաշինքի կարծիքը հաշվի առնելու»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե իր համար ընդունելի՞ է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ որպես վարչապետ։

Հարցին՝ իր կարծիքով՝ Ն.Փաշինյանը կկարողանա՞ իրականացնել այդ 15 կետերը, Գ.Պետրոսյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող գուշակությամբ զբաղվել, պետք է լինի քննարկում, պետք է լինի համաձայնություն, և այն անձը, անկախ նրանից՝ անուն-ազգանունը ինչ կլինի, նա ով կլինի, նա պետք է հաշվի նստի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի հետ։ Այն անձը, ով կտա այդ ծրագիրը կյանքի կոչելու իրատեսական խոստումներ, ողջամիտ հավաստիացումներ, մեզ համար ընդունելի կլինի այդ թեկնածությունը»։

Պատգամավորը կոչ արեց իրականությանը նայել ռեալ աչքերով. «Մենք այսօր միացել ենք ոչ թե Փաշինյանին, այլ համաժողովրդական շարժմանը, որովհետև այդ շարժման մասնակիցների բացարձակ մեծամասնության, եթե ոչ՝ ամբողջության նպատակը ոչ թե այս կամ այն անձին վարչապետ կարգելն է, այլ նրանք դուրս են եկել՝ բարեկեցիկ կյանքի փնտրտուքից դրդված։ Այսօր մարդկանց հիմնական դժգոհությունն ի՞նչն է՝ աշխատանքի բացակայությունը, արդարության բացակայությունը, արտագաղթը, աղքատության բարձր մակարդակը։

Մարդիկ դուրս են եկել դրա համար։ Ով էլ այդ շարժումը ղեկավարեր, ելնելով իր անձի որոշակի առանձնահատկություններից, կարող էր մարդկանց քանակը մի փոքր այս կողմ կամ այն կողմ լիներ, բայց մարդիկ դուրս են եկել՝ հանուն իրենց ապագայի, հանուն բարգավաճ Հայաստանի։

Եվ դրա համար մենք ոչ թե միանում ենք այսինչյան այսինչին, այլ միացել ենք համաժողովրդական շարժմանը, քանզի գտնում ենք, որ այդ շարժումն իսկապես արդարացի է, ունի օբյեկտիվ պատճառներ, և մենք էլ որպես քաղաքական ուժ՝ թե՛ պարոն Ծառուկյանը, թե՛ նրա ղեկավարած դաշինքը, միշտ էլ եղել ենք ժողովրդի կողքին և օրենքով թույլատրված շրջանակներում միշտ էլ մեր գործառույթներն իրականացրել ենք»։

 

Տեսանյութեր

Լրահոս