«Չգիտեմ՝ ինչ հունով կընթանան առաջիկա զարգացումները, բայց այն, ինչ առաջարկել է Նիկոլ Փաշինյանը, իրադարձությունների զարգացման ամենահավանական տարբերակն է». Սերգեյ Դանիելյան
Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով: Միաժամանակ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած եզրափակիչ հանրահավաքի ընթացքում «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պետք է տեղի ունենա վարչապետի նոր թեկնածուի նշանակումը, կնշանակվի ժամանակավոր կառավարություն, որից հետո հնարավորինս արագ տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
Հանրապետությունում ստեղծված իրավիճակի և առաջիկա ներքաղաքական զարգացումների մասին 168.am զրուցել է «Իմ քայլը» նախաձեռնության համակիր և ակտիվ մասնակից դերասան Սերգեյ Դանիելյանի հետ, ով ասում է, թե չգիտի՝ ինչ հունով կընթանան առաջիկա ներքաղաքական զարգացումները, բայց այն, ինչ առաջարկել է Նիկոլ Փաշինյանը, իրադարձությունների զարգացման ամենահավանական տարբերակն է.
«Կարծում եմ՝ ամենաճիշտ տարբերակն է՝ ժողովուրդը կընտրի վարչապետի իր թեկնածուին, կկազմվի ժամանակավոր կառավարություն, որից հետո անպայման պետք է տեղի ունենան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Ա՜յ վերջինն ինձ ամենաշատն է հետաքրքրում, թե ովքե՞ր կհայտնվեն նոր Ազգային ժողովում, և, որ այնտեղ հայտնված մեծամասնությունն ազգային խոտանից բաղկացած չլինի…»:
Մեր հարցին՝ ո՞ւմ է դերասանը տեսնում ապագա վարչապետի պաշտոնում, Սերգեյ Դանիելյանը պատասխանում է՝ շատ լավ կլիներ, եթե ընտրության հնարավորություն լիներ.
«Թե ովքե՞ր կառաջադրվեն՝ չգիտեմ, բայց առաջին հերթին, իհարկե, տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, թեև հույս ունեմ, որ մենք ընտրության հնարավորություն կունենանք: Ինձ թվում է, որ նույն Հանրապետական կուսակցության մեջ էլ կլինեն մարդիկ, ովքեր այդ կուսակցությանն են անդամագրվել զուտ մեխանիկորեն, որովհետև այդ էր սիստեմի պահանջը՝ որևէ պաշտոնի կամ այս երկրում շատ թե քիչ կշիռ ունենալու համար:
Նորմալ մարդիկ բոլոր կուսակցությունների մեջ էլ կան, հաստատ, այնպես որ, նորից եմ կրկնում, վարչապետի թեկնածուի առումով կուզենայի ընտրության հնարավորություն տեսնել: Լավ կլիներ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մենք ընտրելու հնարավորություն ունենայինք՝ նայելով մարդկանց կենսագրություններն ու անցած ուղին, առանց ցնցումների ու գողական դեգեներատների ընտրություն կատարենք, ոչ թե տատիկներին գրկած տանենք քվեարկության ու գանք տուն, մեզանից գոհ նստենք»:
Համակարգային փոփոխությունների համատեքստում Սերգեյ Դանիելյանն ակնկալում է տեսնել առաջին հերթին արժեքային համակարգի և բարոյական հարթության փոփոխություններ.
«Բոլորին պետք է դնել իրենց տեղը: Պաշտոնյաները պետք է լինեն նորմալ մարդու, ոչ թե՝ մարդասպանի դեմքով, ցանկալի է՝ գրագետ և տառաճանաչ: Գողական «պանյատկեքով» ու «տասովկեքով» պաշտոնյաներին պետք է զրկել մանդատներից և բոլոր տեսակի լիազորություններից: Օլիգարխներին պետք է բերել օրինական դաշտ, որովհետև նրանք միայն նրա համար են, որպեսզի փող աշխատեն և հարկերը վճարեն պետական բյուջե, այլ ոչ թե վարչապետը զանգի-ասի՝ բանակի համար ռակետ առ… Ես հեռու չեմ ուզում գնալ՝ հաճախ եմ լինում Թբիլիսիում և անցնում նրանց Ազգային ժողովի կողքով, որը, ի դեպ ցանկապատված չէ:
Այնտեղ կայանած մեքենաների մեծամասնությունը Nissan Tiida-ից և Honda Srb-ից այն կողմ չեն գնում, իսկ ես տանը մեկ հատ Nissan Tiida և Honda Srb ունեմ: Այսինքն` ես ու Վրաստանի ԱԺ պատգամավորները նույն մակնիշի մեքենաներից ենք օգտվում, և դա նրանց համար խնդիր չի: Ուրեմն էս հայկական «յաշիկները» (Brabus ավտոմեքենաները,- Ն.Մ.), իրենց հաստավիզ վարորդներով ու նման պատգամավորներով, ինչպես նաև այլանդակ ռաբիս երաժշտություններով, վերջապես պետք է վերանան, ամոթ է, 21-րդ դարում ենք ապրում»:
Ի դեպ, անդրադառնալով նոր կազմավորվող պետական համակարգում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տարբերակներին՝ Սերգեյ Դանիելյանն ընդգծում է՝ Ղարաբաղյան հարցի լուծումը, որևէ կերպ չի առանձնացնում համակարգային խնդիրների համատեքստից՝ դրա համար պետք է ունենալ հզոր ու կայացած պաշտպանության համակարգ, որի հիմքերն ինքն արդեն տեսնում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի որդեգրած քաղաքականության մեջ: