El Pais-ը անդրադարձել է Իսպանիայի արխիվներում Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերին
Իսպանական El Pais հեղինակավոր պարբերականն անդրադարձ է կատարել իսպանական արխիվներում պահվող փաստաթղթերին, որոնք փաստում են Հայոց ցեղասպանության մասին:
Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
«Հատկապես մեծ հետաքրքրություն և արժեք է ներկայացնում ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում գործած իսպանական դիվանագիտական ներկայացուցչությունների՝ այդ թեմայով դիվանագիտական գրագրությունը: Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Իվան Գաստանյագային՝ կատարված հսկայական և կարևոր աշխատանքի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:
El Pais պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում նշվում է, որ Իսպանիայի ազգային պատմական արխիվներում առկա փաստաթղթերը փաստում են Օսմանյան կայսրությունում Իսպանիայի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների գրագրությունների մասին, որոնցում նկարագրվում են թուրքերի հանցագործությունները հայ ազգի նկատմամբ, որոնք սկսվել են 1915 թ.: «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հազարավոր հայեր դուրս են գալիս Բուենոս-Այրեսի, Մոսկվայի, Լոս-Անջելեսի, Փարիզի, Երևանի և այլ քաղաքների փողոցներ, որպեսզի միջազգային հանրությանը ստիպեն ճանաչել 20-րդ դարում մարդկության դեմ առաջին զանգվածային հանցագործությունը: Նախօրոք պլանավորված և համակարգային զտումները 1.5 միլիոն հայի կյանք են խլել»,- ասված է հոդվածում:
Իսպանիայի ազգային արխիվներում առկա փաստաթղթերը ներառում են գաղտնազերծված հաղորդագրություններ, ձեռագրեր, վիճակագրություններ, մամուլի համար գրառումներ, որոնք ուղարկվել են Մադրիդ: Փաստաթղթերը պարունակում են Կոստանդնուպոլսում Իսպանիայի հյուպատոս Ջուլիան Մարիա դել Արայոյի անձնական ցուցմունքները էթնիկ զտումների մասին: Հոդվածում նշվում է, որ այդ փաստաթղթերը կարող են իրավական և քաղաքական հիմք հանդիսանալ, որպեսզի Իսպանիայում ճանաչվի Մեծ եղեռնը: