«Ուզում եմ գովեստով արտահայտվել Հայաստանի ժողովրդի վերաբերյալ». Ռիչարդ Միլս
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից լրագրողները հետաքրքրվեցին՝ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություն եղավ, վարչապետը, ի վերջո, ժողովրդի ճնշման արդյունքում՝ հրաժարական ներկայացրեց, ի՞նչ տեսակետ ունի դեսպանն այս մասին։
«ԱՄՆ կառավարության, ժողովրդի անունից ուզում եմ գովեստով արտահայտվել Հայաստանի ժողովրդի վերաբերյալ՝ վերջին շաբաթվա ընթացքում խաղաղ և արժանապատիվ կերպով իրենց բողոքի ակցիան իրականացնելու համար։ Ես ուզում եմ նաև գովեստով արտահայտվել ոստիկանության, անվտանգության ուժերի մասին, ովքեր վերջին տասը օրերի ընթացքում հանդես էին բերում զսպվածություն և արհեստավարժություն։ Եղել են արժանահավատ հաղորդումներ բռնության որոշ դրսևորումների մասին՝ ցուցարարների և լրագրողների նկատմամբ, և անհրաժեշտ է, որպեսզի այս դեպքերով իրականացվի քննություն և մեղավորները պատժվեն՝ օրենքի համաձայն»,- ի պատասխան՝ ասաց դեսպանը։
Դեսպանը գովեստով արտահայտվեց նաև նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մասին. «Նա լսելով, անսալով հայ ժողովրդի ձայնին՝ կայացրեց հրաժարական տալու մասին որոշում։ Մենք պատրաստ ենք աշխատել ժամանակավոր կառավարության, վարչապետի հետ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում, և պատրաստ ենք շարունակել աշխատել ՀՀ կառավարության հետ։
Կարևոր է, որ այժմ էլ Հայաստանում ժողովուրդը կարողանա գալ ընդհանուր հայտարարի՝ այս դրական, խաղաղ միջավայրում, և կարողանան որոշել իրենց հետագա անելիքները։ Ես դրական եմ տրամադրված այն առումով, թե ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ ժողովուրդը, եթե միասնական լինի»։