
«Մինչև մեր ժողովուրդը շահերի պաշտպանությունների համակարգ չստեղծի՝ համակարգը չի փոխվի». Կարեն Վարդանյան

Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով: Ժամեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
Քանի դեռ Երևանի փողոցներում և հանրապետության մարզերում բազմահազար ցուցարարներ տոնում են իրենց հաղթանակը, 168.am-ը լսեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի՝ իրադարձությունների հետագա զարգացման տեսլականը.
«Մինչև մեր ժողովուրդը շահերի պաշտպանությունների համակարգ չստեղծի՝ համակարգը չի փոխվի: Նույն շահերը հետապնդող մարդիկ, սկսած համատիրություններից՝ մինչև կատու սիրողների ակումբները, պետք է միավորվեն և համապատասխան կառույցներ ստեղծեն, ինչպես արդեն տարիներ շարունակ Գերմանիայում է, որտեղ մարդիկ իրենց շահերը պաշտպանելու համար շաբաթական միջինում 5 ժամ ժամանակ են ծախսում:
Հետևաբար՝ մինչև նմանօրինակ համակարգված սիստեմ չկառուցվի՝ պետական կառույցները նորմալ և արդյունավետ չեն կարող աշխատել: Հետևաբար՝ աշխատանքների առաջին ուղղությունն այլևս ոչ թե հանրահավաքները պետք է լինեն, այլ այն, ինչ արդեն ասացի: Հակառակ դեպքում մաքսիմում մեկ տարի հատուկ ռեժիմ կլինի, որից հետո ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր»: