«Երբ տնային աշխատանքը չես անում` միշտ 2 ես ստանում». Կարեն Վարդանյանը՝ բանակցությունների մասին

Ավարտվել են առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում մենկարկած վարչապետ Սերժ Սարգսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բանակցությունները:

Դրա ընթացքի վերաբերյալ 168.am-ը լսել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մեկնաբանությունը, ով ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այդ հանդիպմանը՝ գրել էր. «Նիկոլը բանակցելու մանկապարտեզի մակարդակ ցույց տվեց»:

«Երբ տնային աշխատանքը չես անում՝ միշտ 2 ես ստանում; Խոսքս վերաբերում է բանակցություններին անպատրաստ ներկայացած Նիկոլ Փաշինյանին: Նա անպատրաստ ներկայացավ բանակցություններին և չկարողացավ որսալ նաև այդ բանակցության ոգին: Որպեսզի բանակցող կողմը հանձնվի քեզ, երկու ճանապարհ կա՝ կամ ոչնչացնում ես նրան, կամ թույլ ես տալիս, որ բանակցող կողմը արժանապատվորեն հանձնվի: Նիկոլ Փաշինյանը փորձում էր անիմաստ կերպով նվաստացնել իր դեմ նստած բանակցող կողմին, մինչդեռ այդ բանակցությունների նպատակը, ինչպես դրանից առաջ հաղորդում էր Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանի իշխանությունից անարյուն հեռանալն էր, այլ ոչ թե նրան հրապարակայնորեն անձնապես նվաստացնելը և դրանից ներքին հաճույք ստանալը»:

Մեր այն հարցին, թե որո՞նք էին, Կարեն Վարդանյանի կարծիքով՝ բանակցային սեղանի շուրջ նստած Նիկոլ Փաշինյանի թույլ տված ստրատեգիական սխալները, նա պատասխանում է.

«Սկսենք նրանից, որ, եթե դուք եկել եք բանակցելու, ապա պետք է գոնե մինիմում ողջունել իրար, այսինքն՝ ստեղծել համապատասխան մթնոլորտ, որում պետք է բանակցել, ինչը մենք երկուստեք չտեսանք, հետո Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին գրավոր կերպով պետք է հանձներ ճանապարհային քարտեզը, որոնք իրենք են տեսնում՝ Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալու ուղին, ինչպես նաև նրան հնարավորություն տար ծանոթանալու դրան ու լսելու նաև հակառակ կողմի տեսակետը՝ նույն ճանապարհային քարտեզը պահանջելով Սերժ Սարգսյանից, որպեսզի նա ներկայացնի, թե ինչպես է ինքը պատկերացնում իշխանության ղեկից իր հեռանալու ուղին»:

Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը բանակցությունների հենց մեկնարկին տեղեկացրեց, որ ինքը չի եկել քննարկելու իշխանություններից հեռանալու իր հնարավոր տարբերակները, Կարեն Վարդանյանը պատասխանում է՝ բանակցությունն ի սկզբանե մեկնարկել էր երկկողմանի թույլ տված սխալներով, հետևաբար՝ այն նաև սխալ ընթացք ունեցավ:

Մեր այն հարցին՝ ի՞նչ կարելի է ակնկալել այսօրինակ բանակցությունների արդյունքում, մեր զրուցակիցը պատասխանում է՝ ոչինչ ասել չի կարող, ենթադրություններ անելու պահը չէ:

Տեսանյութեր

Լրահոս