«Եթե չկարողանան երկխոսել՝ երկու կողմերն էլ կպարտվեն». Կայծ Մինասյան
«Բոլոր կողմերը միասին պետք է հավաքվեն բանակցային սեղանի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսաբնակ քաղաքական վերլուծաբան Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի՝ երկխոսելու մասին կոչին և «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանի առաջադրած պայմաններին:
Հիշեցնենք, որ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է երկխոսության Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմանով, քանի որ, Փաշինյանի պնդմամբ, Սարգսյանը կորցրել է իշխանությունը և այլևս չի վերահսկում իրավիճակը: Իսկ ավելի վաղ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Փաշինյանին անհապաղ երկխոսության կոչ էր արել՝ անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով:
Կայծ Մինասյանն ասաց, որ ՀՀ վարչապետի և «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակի միջև «մենամարտ» է ընթանում: Ըստ նրա՝ երկուսն էլ փորձում են բանակցային սեղանի խոսակցության համար ամենալավ և ամուր դիրքերն ունենալ, ինչը ներկայումս բնական է:
«Եթե չկարողանան երկխոսել, երկու կողմերն էլ պարտություն կարձանագրեն, ինչը նշանակում է, որ քաղաքական գործընթաց տեղի չի ունենա: Բայց թե՛ շարժմանն է անհրաժեշտ նման գործընթաց՝ որպես մարտավարական հաղթանակ, թե՛ իշխանությանն է անհրաժեշտ բանակցությունների մեջ մտնել շարժման ղեկավարության հետ, որպեսզի ցույց տան, որ երկու կողմերը պատասխանատու են: Վստահ եմ, որ խելոք է, բայց հայտարարություն է պահանջում: Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում արմատական քայլի դիմել, բայց ստիպված է կարևոր քայլ անել, որպեսզի Հայաստանը դուրս գա ներկայիս վիճակից»,- ասաց Մինասյանը:
Ֆրանսաբնակ քաղաքագետի խոսքով՝ պետք է բոլորը միասին հավաքվեն բանակցային սեղանի շուրջ և ընդհանուր ծրագիր համաձայնեցնեն` կոնկրետ առաջարկներ ներկայացնելով ժողովրդին: «Օրինակ՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, ԱԺ արտահերթ ընտրություններ, ընդունել, որպեսզի Սերժ Սարգսյանն իրավունք ունենա մասնակցել ընտրություններին՝ որպես Հանրապետական կուսակցության թիվ 1 գործիչ, «փակել» շարժումը, երաշխավորել ժողովրդին, որ արտահերթ ընտրությունները մաքուր և արդար են անցկացվելու, և բոլոր կողմերը պետք է ընդունեն ընտրությունների արդյունքները»,- ասաց Կայծ Մինասյանը: