Բաժիններ՝

Արսեն Ղազարյանը Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար կարևորում է ներքին անդորրը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը երկրի տնտեսության զարգացման շարունակականության համար կարևորում է ներքին անդորրն ու հասարակության համերաշխությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արսեն Ղազարյանն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսական կյանքում աշխուժացում կա, վերջին մեկ տարվա ընթացքում էապես ավելացել են արտահանումն ու ներկրումը, իսկ տնտեսության շարունակական զարգացման համար անչափ կարևոր է ներքին անդորրը:

«2018 թվականը ևս լավ է սկսվել և անցած 3 ամիսներին Հայաստանը կրկին տնտեսական աճ է արձանագրել և բոլոր հույսերը կան, որ այդ աճը կշարունակվի հաջորդ ամիսներին:

«Մենք ճիշտ ճանապարհով ենք քայլում և եթե ուղղակի կամ անուղղակի խանգարող հանգամանքներ չլինեն, առաջիկա տարիները կլինեն Հայաստանի տնտեսության համար զարգացման տարիներ»,- ասաց Ղազարյանը:

Նա հավելեց, որ չպետք է մոռանանք, որ վերջին 10 տարիներին Հայաստանը, և ոչ միայն Հայաստանը, ապրել է ֆինանսատնտեսական մասշտաբային ճգնաժամեր, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների կտրուկ սրում, որի արդյունքում Արևմուտքը սանկցիաներ կիրառեց Ռուսաստանի տնտեսության նկատմամբ, ինչն էլ հարվածեց Հայաստանի տնտեսությանը:

Մյուս կողմից` ապրիլյան պատերազմն էլ իր հերթին հարվածեց Հայաստանի տնտեսությանը, բայց Հայաստանի կառավարության ու գործարարների համատեղ ջանքերով վերջին մեկ տարում  հաջողվել է բավականին լուրջ տնտեսական աճ ապահովել, որն էլ պետք է հիմք հանդիսանա հետագա տարիների զարգացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս