«Այս վիճակում իշխանությունն ինքը պետք է ավելի հստակեցնի՝ ինչ է նշանակում իր առաջարկած երկխոսությունը». Անահիտ Բախշյան

Երեկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով հստակեցնել՝ ի՞նչ է նա հասկանում՝ «թավշյա հեղափոխություն» ասելով:

«Ես մշտապես հայտարարել եմ, որ դեմ եմ ցանկացած հեղափոխության, բայց դու ասում ես` սա «թավշյա հեղափոխություն է», ու գործում ես «առանց բռնության» կարգախոսի։ Շատ լավ, ես՝ 70-ամյա քաղաքացիս, նույնպես ոգևորվում եմ ու ուզում եմ իմ քայլն էլ անել, որից առաջ խնդրում եմ՝ այսօրվա հանրահավաքում բացատրես, թե ո՞րն է «թավշյա» հեղափոխությունը, ինչո՞վ է տարբերվում մնացած հեղափոխություններից, ի՞նչ քայլեր ու պահանջներ է ենթադրում, և խնդրում եմ ցիտես մեր Սահմանադրության այն հոդվածները, որոնց վրա հղումով է բացվելու քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու ՕՐԻՆԱԿԱՆ ելքը»,- իր նամակում գրել է Ա. Բախշյանը։

Երեկ Հանրապետության հրապարկում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նկատեցինք, որ Ա. Բախշյանը զրուցում էր Ն. Փաշինյանի հետ:

Ն. Փաշինյանն իր ելույթում հստակեցրեց, թե ինչպես է պատկերացնում հեղափոխությունը.

«Առաջին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, երկրորդ՝ ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, երրորդ՝ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, չորրորդ՝ ՀՀ օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է ԱԺ-ն հավանություն տա կառավարության ծրագրին։ Երբ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։  Ահա այս կետերը պատրաստ ենք քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, բայց այստեղ կա մի կարևոր նախապայման, որ տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածելի չպետք է լինի,  դա պետք է լինի 100 տոկոսով ազատ, արդար ընտրություններ, և այդ ընտրություններում հաղթող պետք է լինի ժողովուրդը»։

168.am-ը զրուցեց Ա. Բախշյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ է փոխվել նրա դիրքորոշումներում, և արդյո՞ք Ն. Փաշինյանի ներկայացրած ճանապարհը նրան գոհացնում է:

– Տիկին Բախշյան, երեկ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչպես է պատկերացնում «թավշյա հեղափոխությունը»: Ինչպիսի՞ն է հիմա Ձեր դիրքորոշումը շարժման և նրա հետագա ընթացքի վերաբերյալ:

– Կարծում եմ՝ հաջորդող օրերին Նիկոլն ավելի կզարգացնի իր երեկվա ասածը և ավելի կհստակեցնի՝ ինչպես ինքը խոստացել է: Ինձ մեկը խորհուրդ էր տվել Google-ում որոնել «թավշյա հեղափոխություն» արտահայտությունը: Կարդացի, թե ինչ է նշանակում, և կարծում եմ՝ շատ երանելի բան կլինի, եթե իսկապես այդ թավշյա հեղափոխությունն իրականացվի այնպես, ինչպես Չեխիայում է եղել: Երեկ էլ էի հրապարակում, դրա առաջին օրն էլ, ու այսուհետ կլինեմ: Ես հրապարակում կլինեմ, որովհետև իմ քաղաքացիական դիրքորոշումն ի օգուտ այս շարժման է:

– Նիկոլ Փաշինյանի ներկայացրած մոտեցումները՝ իշխանափոխության հետ կապված, ձեզ համոզի՞չ թվացին:

– «Համոզիչ» բառն այս պահին դեռ շատ է, բայց այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում հայ ժողովրդի հետ, ես պարտավորվածություն եմ զգում երիտասարդների առաջ՝ իրենց կողքին լինել, ինչով և ինչպես կարող եմ՝ սատարել: Ես սատարում եմ:

– Որքանո՞վ է իրատեսական թավշյա հեղափոխության այն ճանապարհը, որն առաջարկում է Նիկոլ Փաշինյանը:

– Երբ Նիկոլը սկսեց այս շարժումը, ես ոչ մի իրատեսական բան չէի տեսնում, ես չէի հավատում, բայց մարդն արեց, չէ՞: Հետևաբար, երեկվա իր ներկայացրած ծրագրի իրատեսական լինելուն արդեն նույնիսկ չեմ համարձակվի ի վնաս որևէ բան ասել, որովհետև այդ մարդն արեց այն, ինչին շատերս չէինք հավատում, մեկը՝ ես: Մարդը արեց, հիմա ես բերանս բաց՝ սպասում եմ, տեսնեմ՝ ինչ է լինելու, բայց երբեք այլևս չեմ ասի, թե չի լինի, չի կարող: Կարծում եմ՝ շատ ավելի լուրջ ու իրական է իրավիճակը, քան մենք պատկերացնում ենք:

– Իշխանությունները երկխոսության կոչեր են անում, իսկ Նիկոլ Փաշինյանն իր հերթին՝ նախապայմաններ և օրակարգ է առաջարկում: Ինչի՞ կտանի այս գործընթացը:

– Այսօր այս վիճակում իշխանությունն ինքը պետք է ավելի հստակեցնի՝ ինչ է նշանակում իր առաջարկած երկխոսությունը: Ես իմ կյանքի ընթացքում բազմաթիվ նման դեպքեր եմ տեսել, երբ այդ երկխոսությունները, երբ իշխանության կողմից նախապես չի հստակեցվում, օրակարգ չի ներկայացվում՝ ի պատասխան այս շարժման ներկայացրած օրակարգի, դրանք, ի վերջո, հերթական ստախոսությունն են դառնում: Հետևաբար,  այսօր գնդակն իշխանության դաշտում է, և ինքը պետք է այդ օրակարգն ասի: Նիկոլն այն առաջնորդն է, որին հաջողվել է ամեն ինչ հասցնել այս կետին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ ինքն է որոշում:

Մանավանդ մեր ժողովուրդը ցույց է տալիս, թե ոնց է ինքնակազմակերպվում, ինքն իրեն որոշում կայացնում, և այլն: Հետևաբար, իշխանությունը պետք է Նիկոլի առաջարկած այդ ծրագրին պատասխանի կոնկրետ առաջարկներով, օրակարգով, թե ինչ կետերով է ինքն ուզում այդ երկխոսությունն իրականացնել: Սա շատ կարևոր է, այսօր ինքն է պատասխանատու այս իրավիճակի համար, ոչ թե Նիկոլը և շարժումը, ինքը պետք է ելքեր փնտրի և ժողովրդին լսի: Քանի դեռ ինքը չի լսում ժողովրդին, այն երկխոսությունը, որի մասին բոլորս երազում ենք, որը կարող է թավշյա հեղափոխության սկիզբ դնել, այդ երկխոսությունը չի կայանա:

Տեսանյութեր

Լրահոս