
«Կոչ եմ անում բոլորիդ՝ անվերապահորեն հետևել օրենքի տառին ու ոգուն». Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
«Այս օրերին համայն հայության ուշադրությունը սևեռված է Երևանում և Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Արցախը չի կարող անտարբեր մնալ Մայր Հայաստանում ընթացող զարգացումների նկատմամբ և նույնպես հետևում է այդ ամենին:
Հայրենիքի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և որին ամեն վայրկյան սպառնում է նենգ թշնամին, ապակայունացման, ներքին համախմբվածության խարխլման ցանկացած փորձ վտանգավոր է և հղի վատագույն հետևանքներով, ինչը չի կարող չազդել անվտանգության, պաշտպանունակության և սահմաններում տիրող իրավիճակի վրա:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ: Դա անքակտելի իրավունք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ:
Սակայն, այդ իրավունքը պետք է իրականացվի բացառապես օրենքի սահմաններում՝ երբևիցե չմոռանալով, որ հայկական երկու պետությունների անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում մեր ներքին կայունությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կոչ եմ անում բոլորիդ՝ անվերապահորեն հետևել օրենքի տառին ու ոգուն, վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով, ցուցաբերել զսպվածության և պատասխանատվության բարձր աստիճան:
Մենք պետք է թույլ չտանք այնպիսի սխալներ, որոնց հետևանքները կարող են ճակատագրական լինել մեր ժողովրդի և հայոց ազատ ու անկախ պետականության համար, որը թանկ ու գերագույն արժեք է ամեն մի հայի համար՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,-ասված է Բակո Սահակյանի հայտարարության մեջ։