
ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները համագործակցելու են անօդաչու ավիացիայի կիրառման գործում

ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները մտադիր են համագործակցել անօդաչու ավիացիայի կիրառման, այդ թվում՝ դրան հակազդելու բնագավառում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտասբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը՝ Կազանում ելույթ ունենալով շտաբների պետերի կոմիտեի նիստում։
ԱՊՀ-ի մասնաից պետությունների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները: «Նիստի մասնակիցները պաշտպանեցին համագործակցության զարգացումը անօդաչու ավիացիայի կիրառման եւ անօդաչու թռչող ապարատներին հակազդելու բնագավառում»,-ասել է Գերասիմովը:
Բացի այդ, նիստի ընթացքում գլխավոր շտաբների պետերը տեղեկատվություն են լսել Սիրիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում անօդաչու ավիացիայի կիրառման փորձի մասին: Նաեւ վերլուծվել է 2017 թվականին ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության վիճակը:
«Այսօրվա նիստը եւս մեկ անգամ հավաստեց, որ ԱՊՀ-ի ձեւաչափով ռազմական համագործակցությունը լավ հեռանկարներ ունի եւ թույլ է տալիս հաջողությամբ գործակցել բազմաթիվ ուղղություններով»,-հավելել է Գերասիմովը: