«Այստեղ կան հայտնի հեղափոխությունների տեխնոլոգիաները». Քաղտեխնոլոգը՝ հայաստանյան ցույցերի մասին

«Իշխանության և ընդդիմադիր հատվածի համար բավականին անակնկալ իրավիճակ ստեղծվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության գործողությունների մասին:

Նրա խոսքով՝ նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն այլ ընդդիմադիր ուժերի, որոշեց ոչ միայն արձանագրել իրավիճակը և անընդհատ ասել, որ հանրությունը չի ուզում ոտքի կանգնել, այլ՝ որոշեց անել այն, ինչ պետք է անի իսկական ընդդիմադիր քաղաքական ուժը՝ փորձել իրավիճակի մեջ բեկում մտցնել քաղաքական գործողությունների միջոցով. «Այսինքն՝ փորձել զարթնեցնել, այլ ոչ թե՝ սպասել, թե երբ կզարթնի հանրությունը»:

Ըստ քաղտեխնոլոգի՝ որպեսզի ճիշտ քայլեր անես, պետք է վերլուծես իրավիճակը, բայց ադեկվատ վերլուծես, տեսնես՝ ինչն է աշխատում, ինչ պահանջներ կան հասարակության մեջ, և այլն. «Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի և գործիչների, ոչ թե միայն զբաղված է վերլուծություններով, այլև հասկացավ, որ այն մեթոդոլոգիան, որը կիրառվում էր վերջին տարիներին, արդեն աշխատող չէ: Հիմնականում մարդկանց կանչում էին հրապարակներ՝ հանրահավաքների, որտեղ մարդիկ գալիս էին և պասիվ մասնակցություն ունեին: Լսում էին ինչ-որ երկար-բարակ ճառեր, բայց որևէ կոնկրետ բան չկար, իսկ մարդիկ հոգնել են այդ ճառերից, կարգավիճակից, որովհետև այսօրվա սոցիալական ցանցերի դարում յուրաքանչյուր մարդ ինքն էլ կարող է սուր բաներ գրել կամ կարդալ ու այդ գոլորշին բաց թողնել: Այդ միտինգները վերածվում էին ընդամենը գոլորշի բաց թողնելու միջոցառման:

Ն. Փաշինյանը և իր թիմը որդեգրել է գործողությունների տակտիկան: Այսինքն՝ ոչ թե մարդկանց կանչում են հանրահավաքի, այլ՝ ասում են՝ եկեք և ձեր գործուն մասնակցությունն ունեցեք կոնկրետ գործողությունների մեջ: Կարող ես՝ ճանապարհ փակել, աղբամանները տեղափոխել, ազդանշաններ տալ: Այսինքն՝ ամեն մեկին ասում են՝ դու ոչ թե պասիվ դիտորդ ես, այլ՝ գործողությունների կոնկրետ մասնակից»:

Վ. Հակոբյանի դիտարկմամբ՝ որպեսզի մարդիկ հավատան, որ սա հերթական խաղը չէ, պետք է տեսնեն, որ իսկապես լիդեր կա.

«Եթե մարդիկ տեսնում են, որ սա ոչ թե քաղաքական իկոնա է, որին բերում են միտինգի վերջում ցույց են տալիս, ինքն էլ մի քանի բառ խոսում է ու թողնում-գնում, այլ՝ ինքն առաջինից մինչև վերջին պահը քո հետ հավասար գործողություններ է անում: Կարծում եմ՝ շատ հաջող տեխնոլոգիա էր «14+4» ճանապարհային քարտեզը, որը ցույց է տալիս, որ Ն. Փաշինյանը կարող է և ունակ է երկար ժամանակով կոմֆորտի զոնայից դուրս գալ, ի տարբերություն իր ընդդիմադիր գործընկերների, և օրեր շարունակ աշխատել, քայլել, ինչ-որ զրկանքների գնալ: Մանավանդ, երբ մարդիկ դա անընդհատ օն-լայն ռեժիմով տեսնում են, հասկանում են, որ այս մարդն ինչ-որ բան ուզում է անի, ոչ միայն խոսում է, այլև քայլեր է անում այդ ուղղությամբ:

Դրանով ինքը կարողացավ համոզել մարդկանց, որ ինքն այն լիդերներից չէ, որ մարդկանց բերում, հավաքում են, հետո գնում են, ասենք, Ոստիկանապետի հետ աղոթում են, կամ ճանապարհի կեսից գնում՝ թեյ են խմում, կամ Մարտի 1-ին հայտարարում են, որ ես կգամ հանրահավաքին, եթե ինձ ապահովեք պետական պաշտպանությունը, և այլն: Մարդկանց մոտ հավատ առաջացավ, որ այս մարդը, ոնց որ թե, փորձում է ինչ-որ բան անել, փախնող չէ»:

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ երևանյան միտինգները, քայլերթերը պասիվ միջոցառումներ չեն. դրանք բոլորը կոնկրետ գործողություններ են, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է մասնակցություն ունենալ. «Դրանք ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն օժտված է լիդերական հատկություններով»:

Վ. Հակոբյանի խոսքով՝ ի սկզբանե այն թիրախային խումբը, որի վրա հույս է դրել Նիկոլ Փաշինյանը, երիտասարդությունն է. «Ես պատահական չեմ համարում, որ մինչև Երևան հասնելը մենք տեսանք, որ կա օրհներգ ռոք ոճով: Այսինքն՝ ոչ թե ավանդական հայրենասիրական ոճով էր, այլ՝ երիտասարդությանը, ուսանողությանը հոգեհարազատ ոճը ներկայացվեց»:

Մեր զրուցակիցը կարծում է՝ յուրաքանչյուր զանգվածային միջոցառում, որպեսզի կարողանաս երկար պահել, պետք է լինի հետաքրքիր. «2008 թվականին 60-ն անց տարիքի Լևոն Տեր-Պետրոսյանը պարում էր հրապարակում, որպեսզի երիտասարդությանը հետաքրքիր լինի: Այսինքն՝ պետք է հետաքրքիր լինի, ամեն անգամ դու պետք է նոր բան առաջարկես: Եթե անընդհատ նույն գործողություններն արվեն, անընդհատ միայն ճանապարհ փակեն, և այլն, դա ինչ-որ պահի արդեն սովորական կդառնա: Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ պետք է Նիկոլը լուծի, հետաքրքրությունը պահելն է: Ոգևորությունը պահելու համար նաև փոքր հաղթանակներ են պետք: Պատահական չէր, որ երեկ միտինգում ինքը ֆիքսում էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ նա հրաժարվում է իր առանձնատնից՝ որպես շարժման արդյունքներից մեկը:

Փոքր հաղթանակներ իրեն միշտ պետք են լինելու, իսկ որպեսզի ամեն ինչ հետաքրքիր մնա, ինքը հիմա արդեն քաղաքի ծայրամասեր է գնում, առևտրի կենտրոններ է մտնում, որի արդյունքում մենք այսօր տեսանք, որ «Առինջ մոլի» շրջանակները մտան պրոցեսի մեջ, այսօր կարծես Աբովյան-Երևան ճանապարհն էին փակում: Այսինքն՝ ինքն աստիճանաբար փորձում է ընդլայնել»:

Վ. Հակոբյանը նաև նկատեց, որ Ֆրանսիայի հրապարակը՝ որպես բազային կենտրոն սարքելն էլ հստակ մեսիջ էր հասարակությանը, որ իրենք ուրիշ ձևով են աշխատելու. «Այսինքն՝ Ազատության հրապարակում չենք վրաններ խփում, այլ՝ խփում ենք բանուկ մասում՝ քաղաքի սրտում: Նա ամեն օր փորձում է տարբեր տեխնոլոգիաներ օգտագործել, շատ դինամիկ է»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ շարժման լիդերներն ունե՞ն հստակ գործողությունների պլան, թե՞ ամեն ինչ ինքնաբուխ է ստացվում՝ ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին, Վ. Հակոբյանն այսպես պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ որոշակի պլան կա, բայց դա չի բացառում իմպրովիզացիան՝ իրավիճակից ելնելով: Այսինքն՝ կարծում եմ՝ կա ընդհանուր գիծ, թե այսօր ինչ կարելի է անել, և նույնիսկ՝ որտեղ, բայց կարծում եմ՝ դա չի նշանակում, որ իրավիճակը չպետք է հաշվի առնվի: Ինքը բավականին ճկուն է գործում, փորձում է անակնկալի բերել:

Կարծում եմ՝ ամեն ինչ արվում է գերկազմակերպված, բայց նաև՝ հնարավորինս ճկուն: Սա է իրենց հաջողության գրավականներից մեկը, որ բավականին փորձում են չկենտրոնանալ մի տեղում, դրա համար ամեն առավոտ մենք տեսնում ենք, որ միանգամից ինֆորմացիա է գալիս 5-6 տեղից: Դա անընդհատ լարվածություն է, դա անընդհատ ոգևորում է իր կողմնակիցներին, ավելացնում է այդ կողմնակիցներին, և մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ միայն սոցցանցերով էին հետևում գործընթացին, կամաց-կամաց տեսնում ենք՝ իրենք էլ են ներգրավվում: Այն, որ ինքն ասում է՝ թավշյա հեղափոխություն ենք անելու, այստեղ կան այդ հայտնի հեղափոխությունների տեխնոլոգիաները»:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ինչքանո՞վ է արդյունավետ գործում այն տեխնոլոգիան, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, որ իրենք դեմ են բռնությանը, և ոչ մի ցուցարար չպետք է վիրավորի կամ բռնություն գործադրի ոստիկանների նկատմամբ, անգամ, եթե ոստիկանները կիրառեն:

Ի պատասխան՝ Վ. Հակոբյանն ասաց. «Կարծում եմ՝ դա ինքն իրեն տեխնոլոգիա է, բայց որը բխում է նաև քաղաքական շարժման կենսական շահերից: Ես կարծում եմ՝ սա ոչ միայն ցույց է տալիս ներսի մասնակիցներին, լսարանին, հանրությանը, որ իրենք խաղաղ են, այլև՝ դրսի հանրությանը, որ, եթե հանկարծ բախումներ լինեն, էն գլխից իմացեք, որ սրա պատասխանատուն իշխանությունն է: Այսինքն՝ ինչ-որ տեղ փորձում են ապահովագրվել: Իշխանությանն էլ առանձնապես շատ ձեռք չի տալիս լուրջ բախումը:

Նույն Սերժ Սարգսյանին ձեռք չի տալիս, որովհետև մի անգամ իր առաջին պաշտոնավարմանն ինքը եկավ արյունալի դեպքերից հետո, և այդ բարդույթը մինչև հիմա էլ պահպանվում է իր մոտ, ու հիմա բնական է, որ ինքը չի ցանկանում՝ մի անգամ էլ իր իշխանության գլուխ գալը կապվի նման բաների հետ:

Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ բախումները, բռնություններն է՛լ ավելի են ավելացնում հասարակության բողոքականության աստիճանը, ու ցանկացած նման բան կարող է շատ արագ մարդկանց քանակն ավելացնել փողոցներում, դրա համար իրենք էլ են խուսափում դրանից: Կարծում եմ՝ ոստիկանությունը դեռևս քաղաքական որոշում չունի ավելի լուրջ գործողություններ անելու: Ոստիկանությունը և քաղաքական իշխանությունն առայժմ փորձում են կետային ինչ-որ բաներ անել, հիմնականում դրանք հոգեբանական ներազդման, ինչ-որ տեղ վախեցնելու գործողություններ են»:

Տեսանյութեր

Լրահոս