Բաժիններ՝

Բերման ենթարկելիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ

Քիչ առաջ Արշակունյաց պողոտայում մի մեքենա մոտեցավ, հորիզոնական կանգնեց փողոցում և, ի նշան բողոքի՝ հրաժարվեց տեղաշարժվել։ Սաղավարտներով ոստիկանները մյուս ոստիկանների հետ փորձեցին երկու կողմից հրելով ավտոմեքենան շարժել տեղից, սակայն չկարողացան։ Արշակունյաց պողոտա ժամանեցին ճանապարհային ոստիկաններ, որոնք փորձեցին կարգավորել երթևեկությունը։

«Եթե ձեր մեքենան դուրս չբերեք, մենք այն կտանենք էվակուատորով։ Մի խանգարեք երթևեկությանը»,- վարորդին զգուշացրեց ճանապարհային ոստիկանը։ Վարորդը, սակայն, չարձագանքեց, և ավտոմեքենան տեղից չշարժվեց։

Լրագրողը հետաքրքրվեց ՃՈ աշխատակցից՝ երբ վարորդը մեքենայի մեջ է, նրանք իրավունք ունե՞ն քարշակով այն դուրս բերել։ ՃՈ աշխատակիցը դրական պատասխան տվեց. «Իր անվտանգությունը կապահովենք, դուրս կբերենք։ Իսկ վարորդն իրավունք ունի՞ չենթարկվել ոստիկանի օրինական պահանջին»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը ՃՈ աշխատակիցներին հակադարձեց՝ եթե մեքենայի մեջ մարդ կա, մեքենան տարհանել չեն կարող։

«Անվտանգության կանոնները ենթադրում են, որ չի կարելի տարհանել տրանսպորտային միջոցը, եթե այնտեղ մարդ կա, ինչն այս պահին տեսնում ենք՝ երկու հոգի փակվել են մեքենայի մեջ և դուրս չեն գալիս»։

Մինչ վարորդին հորդորում էին դուրս բերել մեքենան, նրան միացավ նաև երկրորդ ավտոմեքենան։ Երկու քարշակ եկավ Արշակունյաց պողոտա, մեքենաների անիվները քանդեցին և դուրս բերեցին տարածքից։ Վարորդները դուրս չեկան մեքենաներից։ Դանիել Իոաննիսյանը մի քանի անգամ դիմեց ոստիկաններին՝ զգուշացնելով, որ իրավունք չունեն մեքենաները դուրս բերել, եթե ներսում մարդ կա, բայց նրան ոչ ոք չլսեց։

Հենց այդ պահին մոտեցավ այլ մեքենա ու հորիզոնական դիրքով կանգնեց։ Ոստիկանները փորձեցին սեփական ուժերով այն դուրս բերել փողոցից։

Ոստիկաններին հաջողվեց մեքենայից դուրս բերել վարորդին և բերման ենթարկել:

Բերման ենթարկելու պահին վարորդը գիտակցությունը կորցրեց, սակայն ոստիկաններն ուժով նրան խցկեցին մեքենան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս