Բաժիններ՝

«Հավաքի ազատության իրավունքը ենթադրում է որոշակի խոչընդոտներ իշխանության ներկայացուցիչների համար, սակայն յուրաքանչյուր գործողություն ունի իր սահմանը»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպած հավաքի մասնակիցների, ինչպես նաև ոստիկանների գործողություններում ոչ իրավաչափ քայլեր կան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Գևորգ Դավթյանը:

«Ինչպես միջազգային, այնպես էլ պետական օրենսդրությունը հավաքներ անցկացնելու իրավունք տալիս է բոլորին: Հետևաբար, հավաքի անցկացման մեջ որևէ հակաօրինական բան չկա: Այլ բան է, թե այդ հավաքներն ինչ կերպ են ընթանում, և արդյոք դրանց ընթացքում տեղի ունենո՞ւմ են որոշակի արարքներ, որոնք կարող են սպառնալ այլոց իրավունքների և ազատությունների խախտմանը»,- ասաց փաստաբանն ու հավելեց՝ իսկ եթե մեկը հավաքի ընթացքում կատարում է որևէ հակաօրինական գործողություն, այն չպետք է տարածական բնույթ ունենա մյուս մասնակիցների վրա:

Դավթյանի խոսքով՝ ոստիկանության գործողությունները ոչ օրինաչափ են այն ժամանակ, երբ անձին բերման ենթարկելուց առաջ որևէ կերպ չեն հիմնավորում այն: Օրենքով բերման ենթարկում են այն ժամանակ, երբ անձն իր կամքով որևէ վարույթի շրջանակում ցանկություն չի հայտնում ներկայանալ:

«Սակայն տեսնում ենք, որ հավաքի ընթացքում ոստիկանների գործողությունները չեն տեղավորվում այդ օրենքի շրջանակում»,- ասաց նա ու հավելեց, որ  քաղաքացիները, որոնք տուժում են նրանց այդ գործողությունների արդյունքում, պետք է հետամուտ լինեն՝ փորձեն իրենց փաստաբանների միջոցով վերականգնել իրավունքները:

Փաստաբանը նկատեց՝ հավաքի ազատության իրավունքը ենթադրում է որոշակի խոչընդոտներ իշխանության ներկայացուցիչների համար: Սակայն յուրաքանչյուր գործողություն ունի իր սահմանը: «Մասնավորապես, ապրիլի 16-ին Մաշտոցի պողոտայում ցուցարարները պոկել են լուսամփոփներ, որը լիիրավ ոչ իրավաչափ գործողություն է: Եվ այն պետք է գնահատել տվյալ անձին անհատական պատասխանատվության ենթարկելու սկզբունքից, ոչ թե նրա հակաօրինական վարքը վերագրել նաև մյուսներին»,-ասաց նա:

Փաստաբանի կարծիքով՝ իրավապահ մարմինները պատասխանատվության պետք է ենթարկեն այն անձանց, ովքեր կատարում են այդ գործողությունները: Փաստերն արձանագրվել են, և մեկի խախտման հետևանքով մյուսները չեն տուժել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս