ՄԻՊ-ը քաղաքացիական հագուստով անձանց կողմից հավաքի մասնակիցների բերման ենթարկելու մասին տեղեկություններ է ձեռք բերել
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ապրիլի 19-ի վաղ առավոտից շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ոստիկանության բաժիններ այցերի համար կազմվել է 9 խումբ:
Յուրաքանչյուր այցից առաջ այց իրականացնողներին առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, իսկ այցերից հետո տեղի են ունեցել դրանց արդյունքների ամփոփումներ:
«Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքներին վերաբերող 27 ահազանգ: Կազմակերպվել են այցեր Ոստիկանության Կենտրոնականի, Էրեբունու, Մալաթիայի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Շենգավիթի բաժիններ և Դավթաշենի բաժանմունք: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ 109 անձի հետ, որոնցից 22-ը եղել են անչափահասներ: Նրանց մեծ մասը բերման է ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու հիմքով:
Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, բերման ենթարկելուն առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու, Ոստիկանության բաժնում համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, Ոստիկանության բաժնում սահմանված ժամից ավելի պահելու հետ:
Արձանագրվել են նաև փաստաբանի մուտքը Ոստիկանության բաժիններ խոչընդոտելու մի քանի փորձեր, որոնք, սակայն, կանխվել են Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ: Ապրիլի 19-ին իրենց նախընտրած անձին տեղեկացնելու կամ զանգի իրավունքին առնչվող բողոքներ բերման ենթարկվածները չեն ներկայացրել:
ՄԻՊ-ը հատուկ ընդգծում է, որ բերման ենթարկվածն անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկված անձի համար միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:
Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգերի ուսումնասիրության և Ոստիկանության բաժիններ այցերի արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ վարչական իրավախախտման կասկածով բերման ենթարկված անձինք սահմանված ժամի ավարտից հետո շարունակում են պահվել բաժնում՝ քրեական վարույթի շրջանակում հիմնականում վկայի, իսկ մի քանի դեպքում նաև կասկածյալի կարգավիճակով հարցաքննության ենթարկվելու նպատակով: Այսպիսի յուրաքանչյուր դեպք արձանագրվել է և պարզաբանման պահանջով անհապաղ ներկայացվել Ոստիկանությանը:
Հատկապես մտահոգիչ են անչափահասների, մի շարք դեպքերում նաև դպրոցական աշակերտների առկայությունը Ոստիկանության բաժիններում: Նրանցից յուրաքանչյուրի հետ Պաշտպանի ներկայացուցիչների առանձնազրույցները տեղի են ունենում հատուկ սկզբունքով, առանձնակի ուշադրություն է դարձվում նրանց բերման ենթարկելու հիմքերին և իրավունքների երաշխավորմանը: Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ անչափահասներից մի քանիսը ներգրավված է նաև քրեական վարույթի շրջանակում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել տեղեկություններ առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայության ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հավաքի մասնակիցների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին: Այս տեղեկությունները պետք է դառնան անհապաղ ստուգման առարկա՝ նմանատիպ ցանկացած երևույթ բացառելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի Ոստիկանության ծառայողների կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Պաշտպանին այդպիսի տեղեկություն է փոխանցել նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։
Ոստիկանությունից պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիների տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և դրանք այնտեղ պահելու պատճառների վերաբերյալ: Համապատասխան գրություն է հասցեագրվել Ոստիկանություն:
Մեր կողմից արձանագրվել են նաև հրապարակված տեղեկություններ այն մասին, որ այսօր՝ ժամը 16:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը և փաստաբան Արաքս Մելքոնյանը ենթարկվել են հարձակման մոտ 20 անհայտ անձանց կողմից: Ըստ հրապարակման՝ վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:
Այս խիստ մտահոգիչ տեղեկությունները պետք է անհապաղ ստուգման ենթարկվեն պատշաճ քրեական ընթացակարգի շրջանակում՝ դեպքի բոլոր հանգամանքներն արագ պարզելու նպատակով: Այս հարցը լինելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Հրապարակմանն առնչվող բոլոր տվյալները Պաշտպանի աշխատակազմում գտնվում են ամփոփման փուլում: Համապատասխան գրություններ կհասցեագրվեն Ոստիկանությանը և քննչական մարմնին:
Պաշտպանի գրությամբ անհապաղ քննություն նախաձեռնելու հարց է բարձրացվել լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ: Կրկին շեշտում ենք, որ հատկապես կարևորում ենք լրագրողի մասնագիտական անխոչընդոտ աշխատանքի ապահովումը: Նմանատիպ ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների՝ անկախ նրանց կարգավիճակից:
Նշված բոլոր տվյալների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանված կարգով սկսվել են քննարկման ընթացակարգեր: Համապատասխան իրավասու պետական մարմիններին ներկայացվել են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր պարզաբանումներ ստանալու պահանջներ: Ոստիկանության բաժնում իրավունքի խախտում արձանագրելու դեպքում ներկայացվել է դա անհապաղ վերացնելու, իսկ առանց հիմքերի կամ սահմանված ժամից ավելի պահվող անձանց դեպքում՝ նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում՝ արտակարգ գրաֆիկով: Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ձեռնարկվում են բոլոր միջոցներն անձանց իրավունքների պաշտպանության նպատակով»,-նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ: