Կուստուրիցան «աննախադեպ էքսպերիմենտ» է իրականացնելու
Հռչակավոր կինոռեժիսոր, դերասան եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ նկարահանում է ֆիլմ, որտեղ պլանավորում է Ֆյոդոր Դոստոեւսկու «Ապուշը» վեպի գործող անձ իշխան Միշկինին «վերածել» «Ոճիր եւ պատիժ»-ի հերոս Ռոդիոն Ռասկոլնիկովի:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 18-ին այս մասին նա լրագրողներին պատմել է Լենինգրադի մարզի «Նա Վասիլեւսկոմ» թատրոնում The No Smoking Orchestra երաժշտական խմբի հետ համատեղ ելույթից առաջ։
«Ես այժմ ֆիլմ եմ նկարահանելու Չինաստանի մասին: Այնտեղ այնպիսի փորձարարություն կլինի, որը երբեք չի եղել: Ես ցանկանում եմ իշխան Միշկինին դարձնել Ռասկոլնիկով»,- պատմել է Կուստուրիցան: Լրագրողների հետ շփման ընթացքում նա նաեւ ընդգծել է արվեստին սահմանում տալու անհնարինությունը եւ կանխագուշակել է, որ կես դար հետո կինոն կդադարի գոյություն ունենալ: «Ես կարծում եմ, որ 50 տարի հետո ֆիլմեր չեն լինի»,- ասել է նա, սակայն նշել է, որ գրքերն, իր կարծիքով, երբեք չեն անհետանա: