«Որևէ ծրագրում հնչած դրույթները երբեք չեն կարող լինել քարացած». Սերժ Սարգսյան. «Շանթ»
Վարչապետ Սերժ Սարգսյանը անդրադարձել է մամուլում հնչած այն տեսակետներին, թե խոստումները, մասնավորապես, Իրան-Հայաստան երկաթուղու կամ ատոմակայանի կառուցման մասին, չեն կատարվել:
«Հաշվարկը ցույց է տվել, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար շատ ավելի մեծ միջոցներ են պետք, քան ավտոմայրուղու կառուցման համար: Եվ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին մեզ համար շատ ավելի օգտակար կլինի: Այսինքն՝ մենք եզրակացրել ենք, որ պետության համար ավելի էժան կլինի Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցելը, և արդյունքն ավելի մեծ կլինի: Ինչ վերաբերում է ատոմակայանին. այո, մենք մշտապես պետք է ունենանք ատոմային էներգիա, բայց մենք նաև պետք է մտածենք, թե ինչ չափով և ինչպես զարգացնենք այդ բնագավառը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ արդեն փորձարկման շրջանում է ավելի փոքր հզորությամբ ատոմակայանի մոդելը, որը մեր երկրի անվտանգության և առհասարակ անվտանգ շահագործման համար շատ ավելի հարմար է: Նա նշել է նաև «կանաչ» էներգիան, որը մեծ թափով մտնում է մարդկանց կյանք, և արևային էներգիայի ինքնարժեքն արդեն մոտենում է տրամաբանական թվի:
«Եվ եթե ես տարիներ առաջ ասել եմ, թե ատոմակայան պետք է կառուցենք, եթե ասել եմ՝ անպայման գնանք իմ ասա՞ծն անելու, թե՞ երկրի տնտեսության համար ավելի արդյունավետ և ավելի շահավետ էներգիայի աղբյուրի եղանակ գտնենք: Ես կարծում եմ՝ դա տրամաբանական է: Եվ, ընդհանրապես, գիտեք, մի բան է, երբ ծրագիր ես գծում, այդ ծրագրում տարբեր թվեր ես հնչեցնում, դրանք ցուցանիշներ են, որոնց ձգտում ես հասնել, և դա համեմատել երդման հետ, ասել՝ չէ, դու երդվել ես, երդումդ խախտում ես, որքանո՞վ է դա տրամաբանական, որքանո՞վ է ճկունություն հաղորդում: Այո՛, քաղաքական պատասխանատվություն կարող է լինել»,- նշել է վարչապետը: