«Սա իշխանափոխություն է». Նիկոլ Փաշինյան

«Մեր հայտարարած հեղափոխությունը ալիքաձև տարածվում է Հայաստանի Հանրապետությունում և ողջ Սփյուռքում։ Մեզ իրենց աջակցության խոսքերն են ասում հայտնի մտավորականներ երգահան Արմեն Մովսիսյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, դերասան Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը։ Այդ գործընթացն ամեն օր նոր չափեր և ծավալներ պետք է ստանա, Սերժ Սարգսյանը պետք է իրեն միայնակ զգա նոր սեփականաշնորհված իր առանձնատանը»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր լրագրողների հետ զրույցում Փաշինյանը խոստացել էր հանրահավաքին հայտարարել, թե ինչպես է պատկերացնում իշխանափոխությունը։ Իսկ արդեն հանրահավաքի ժամանակ նա ասաց, որ, երբ երթով գնում են գերատեսչությունների շենքեր, իշխանությունը կողպում է դրանք, և քաղաքացիներին կոչ արեց՝ գործով կամ ուղղակի մուտք գործել այդ շենքերի ներսը և բոլոր պաշտոնյաների սենյակներում սկսել նստացույց. «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանի նախարարը մտնում է աշխատասենյակ, բայց այնտեղ նույնիսկ նստելու տեղ չունի։ Սա իշխանափոխություն է։ Մենք պետք է այնպես անենք, որ նստելու տեղ չունենա նաև Սերժ Սարգսյանը։

Որոշ դեպքերում դա կարելի է անել քաղաքացիների նախաձեռնության պայմաններում, հիմնական խնդիրն այն է, որ ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դադարեն ժողովրդից պաշտպանել որևէ գերատեսչական շենք, որովհետև բոլոր այդ շենքերը պատկանում են ՀՀ-ին և նրա ժողովրդին»։

Տեսանյութեր

Լրահոս