
ՔԶԱԿ-ի փորձագետները Դումայում աշխատանքի ձեռնամուխ կլինեն ՄԱԿ-ի առաքելության թույլտվությունից հետո

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները Սիրիայի Դումայում կարող են աշխատանքն սկսել այն բանից անմիջապես հետո, երբ այդ քաղաքում գտնվող ՄԱԿ-ի առաքելությունը եզրակացություն կներկայացնի, որ իրադրությունը թույլ է տալիս նրանց՝ ժամանել այնտեղ: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին։
«Եթե ՄԱԿ-ի անվտանգության առաքելությունը որոշում ընդունի, որ Դումայում իրադրությունը նպաստավոր է, ՔԶԱԿ-ի փորձագետները աշխատանքը կսկսեն ապրիլի 18-ին»,-ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Երեւանի ժամանակով լույս չորեքշաբթի գիշերը կայացած նիստում: Դիվանագետն ընդգծել է. «Սիրիայի կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անում է՝ նպաստելու ՔԶԱԿ-ի առաքելության աշխատանքին»:
ՔԶԱԿ-ի փորձագետները Դամասկոս են ժամանել ապրիլի 14-ին: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիայի իշխանություններին մեղադրում է այն բանում, որ նրանք Ռուսաստանի աջակցությամբ խոչընդոտում են Դումայում ՔԶԱԿ-ի աշխատանքի շուտափույթ սկսվելուն՝ փորձելով վերացնել թունավորող նյութերի կիրառման հետքերը: