Բաժիններ՝

Փաշինյանի կոչը՝ ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին

Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շարունակելու են փակել ճանապարհներն ու պետական գերատեսչությունների մուտքերը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե որևէ հստակություն կա՞ հեղափոխության կոմիտեի մասով, թե ովքեր են լինելու դրա անդամները։

«Մենք հիմա քննարկումների փուլում ենք, նաև ժողովրդի հետ պետք է քննարկենք, անպայման որոշում կլինի և կհրապարակվի։ Հեղափոխության կոմիտեն պետք է կազմված լինի այն մարդկանցից, ովքեր կազմակերպել են, մասնակցել են, աշխատել են շարժման վրա։ Մենք գիտենք «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը, ՔՊ կուսակցությանը, «Իմ քայլը» նախաձեռնությանը, բայց քաղհասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցություն են ունեցել այս պրոցեսին և փաստացի շատ լուրջ ազդեցություն են ունեցել իրենց քննադատություններով, առաջարկություններով, կոնկրետ աշխատանքով, և մենք պետք է քննարկենք նրանց հետ ավելի համակարգված աշխատելու տարբերակը»,- պարզաբանեց նա։

Հարցին՝ ինչքա՞ն մարդ է անհրաժեշտ հեղափոխություն իրականացնելու համար, նա պատասխանեց. «Հեղափոխությունն արդեն սկսված է, այն ունի համազգային աջակցություն։ Երրորդ հանրապետությունում նման ծավալի հանրահավաք երբեք չի եղել, անկախության հռչակումից ի վեր այսպիսի մասշտաբի հանրահավաք երբեք չի եղել։ Մեր գործընթացի դիտումները մի քանի միլիոնի են հասնում, սա նշանակում է, որ գործնականում ողջ հայությունը ներգրավված է պրոցեսի մեջ՝ ուղղակի կամ անուղղակի։ Այս ողջ գործընթացի ֆինանսավորումն իրականացրել են Հայաստանի և Սփյուռքի ներկայացուցիչները։ Հաշվետվությունները մի քանի օր չենք հրապարակել, բայց այսօր կամ վաղը առավոտյան կհրապարակենք դրանք»։

Փաշինյանը կոչ արեց ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին՝ անհապաղ ազատ արձակել շարժման 2 ակտիվիստներին. «Նրանցից մեկին՝ Տիգրան Մազմանյանին, անձամբ եմ ճանաչում, երկրորդ տղային, ով 16 տարեկան է, անձամբ չեմ ճանաչում»։

«Քայլ արա՝ մերժիր Սերժին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիաներին մասնակցող ցուցարարներից Տիգրան Մազմանյանիը ձերբակալվել է։ Տիգրան Մազմանյանը կասկածվում է երկու հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 225-րդ հոդվածի առաջին մասով սահմանված արարքներ կատարելու մեջ։

Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը` պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն:

Հաջորդ մեղադրանքը՝ 225-1. 1-ին մասը սահմանում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս