Նիկոլ Փաշինյանը հորդորեց Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին և Շառլ Ազնավուրին՝ գալ Հայաստան և կանգնել ցուցարարների կողքին

«Պետք է շրջափակենք ճանապարհները, մայրուղիները, շենքերը»,- Հանրապետության հրապարակում տեղի ունեցող  հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ վաղն իրենց գործողությունները կսկսեն ժամը 10-ից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ իրենք բոլորն առավոտյան ուշ են արթնանում. «Վաղը ժամը 10-ին ես ձեզ սպասելու եմ Ֆրանսիայի հրապարակում, որտեղից նորից մեր գործողությունները կսկսեն և կեզրափակվեն ՀՀ հրապարակում: Մեր ցանցային մարտավարությունը շատ կարևոր է, եթե ինչ-որ մեկն ավելի շուտ կգա և կզգա, որ մոտակայքում ինչ-որ կասկածելի մարդիկ կան, դուք ուղղակի զբոսնեք Մաշտոցի պողոտայում, Օպերայի մայթերին»:

Ն. Փաշինյանը դիմեց Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին և Շառլ Ազնավուրին. «Սերժ, ահա, այդ նույն ժողովուրդը կանգնած է հրապարակում, դու պարտավոր ես գալ և կանգնել այս ժողովրդի կողքին: Սիրելի Արսինե, նամակ գրելու կարիք չկա, որովհետև բաժանորդն անհասանելի է, վեր կաց, արի Հայաստան:

Ես դիմում եմ Շառլ Ազնավուրին, ով նույնպես այն սակավաթիվ մարդկանցից է, որ այսպիսին է դարձրել Երևանի Հանրապետության հրապարակը: Դուք, որ բազմիցս միջազգային մամուլին հարցազրույցներ եք տվել՝ ասելով, որ ՀՀ-ում իշխում են մաֆիայի կանոնները: Ահա, մաֆիայի վերջը եկել է, և Ձեր ներկայության անհրաժեշտությունը կա, որ մենք մաֆիայի վերջը տանք՝ առանց մի կաթիլ արյան»:

Տեսանյութեր

Լրահոս