«Ամեն մեկս պետք է անհատական պատասխանատվություն վերցնի ու քայլ անի». Արմեն Գրիգորյան

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման հանրահավաքը:

«Մենք մտնում ենք այն շենքերը, որոնք ուզում ենք, չենք մտնում այն շենքերը, որ չենք ուզում, ուզում ենք՝ բացում ենք, ուզում ենք՝ չենք բացում, մենք ինչ ուզում, անում ենք: Մի քանի օրվա ընթացքում մենք այդ խեղճերին համոզում ենք, որ իշխանությունը մենք ենք: Այն, ինչ հիմա կատարվում է այս հրապարակում, աննախադեպ է»,- հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը:

«Պատրա՞ստ եք գործողությունների»,- հարցով դիմեց հավաքվածներին «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը: Ի պատասխան՝ շարքերից գոռացին՝ «այո՜»:

Այնուհետև Ա. Գրիգորյանը շարունակեց. «Մենք պետք է հաշվի առնենք, որ մենք ամեն մեկս պետք է անհատական պատասխանատվություն վերցնի ու քայլ անի և իմանա, որ այս հրապարակի չափ մարդիկ ինչ-որ մի տեղ նույնպես գործողություններ են անում»:

Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն էլ հայտարարեց, որ ինքն իրեն Սերժ Թանկյան է զգում, քանի որ մեկ էլ նա է այս հրապարակում իր համերգի ժամանակ այսքան մարդ տեսել:

«Երեկ Բաղրամյան պողոտայում զգացել ենք մի բան, որի մասին միշտ երազել ենք. երբ մենք մոտեցել էինք ոստիկանության պատին, մենք գրկախառնվել ենք ոստիկանների հետ, նրանց աչքերի մեջ տեսել ենք երջանկության արցունքներ, նրանք ասել են, որ չեն հարվածելու մեզ, ու չեն հարվածել: Սա է խաղաղ անհնազանդության ուժը»,- հայտարարեց Դ. Սանասարյանը:

Ա. Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք ինֆորմացիա ունեն, որ տարածքում կան ավտոմեքենաներ, որոնք կարող են պրովոկացիաներ անեն. «Ուզում ենք ասել, որ մենք միայն խաղաղ գործողություններ ենք իրականացնում, այս շարժումից ոչ ոք բռնության կոչեր ու գործողություններ չի անում: Եթե մեկը նման բան է անում, նա մեզ հետ որևէ կապ չունի»:

Տեսանյութեր

Լրահոս