Կառավարման փորձառությամբ շարունակելու եք ջանքերը մեր ժողովրդի առաջընթացի ապահովման գործում. Գարեգին Բ-ն շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս գարեգին Բ-ն շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում, մասնավորապես ասված է.
«Մեծարգո Վարչապետ,
Մեր ողջույններն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:
Ազգային ժողովն այսօր Ձեզ ընտրեց Վարչապետ՝ վստահությամբ, որ
կառավարման Ձեր բազմամյա փորձառությամբ և նոր հանգամանքով շարունակելու եք Ձեր ջանքերը մեր ժողովրդի կյանքի առաջընթացի ապահովման ու զորացման, հայրենի մեր երկրի խաղաղության ու կայունության պահպանման և միջազգային հարթակներում ազգային շահերը պաշտպանելու գործում։ Մեր երկիրն ու ժողովուրդը տակավին գտնվում են սահմանների անվտանգության ապահովման, արցախյան հիմնախնդրի կարգավորման հրամայականների հանդիման, ինչպես նաև ներքին կյանքի տարբեր դժվարությունների ու խնդիրների առջև: Վճռորոշ այս ժամանակահատվածում, որպես մեր երկրի վարչապետ, վերստին Ձեզ է վիճակված հանձնառությամբ պատասխանատվություն ստանձնել՝ հանուն մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և համազգային մեր իղձերի իրականացման:
Ձեր բարձր առաքելության մեջ մեր Եկեղեցին զորավիգ է Ձեզ՝ ի սեր մեր հայրենիքի հզորության և մեր ժողովրդի լուսավոր գալիքի:
Միածնաէջ Սուրբ խորանի առաջ Մեր հայցն ենք ուղղում առ Բարձրյալն Աստված, որ Տերը օրհնի և զորակից լինի Ձեզ և շնորհի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ Ձեր գործունեության ճանապարհին։
Թող Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Ձեզ և շնորհի քաջառողջ կյանքի երկար տարիներ և ամենայն բարիք»: