«Ես ոստիկանությանը կոչ եմ անում՝ իզուր կրքեր չբորբոքել, չփորձել մեզ հավասարակշռությունից հանել, որովհետև դա չի ստացվելու». Նիկոլ Փաշինյան
ՀՀ ԱԺ պատգմավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ընթացող ակցիայի մասնակիցները Հաղթանակի կամրջի մոտակայքից շարժվեցին դեպի Պռոշյան փողոց: Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի կամրջի մոտ հայտնեց, որ կոչ է արել թուլացնել ժամանած քարշակի անիվները, ոչ թե վնասել: «Ինչո՞ւ վնասենք: Մեր ոստիկանության քարշակն է, ինչո՞ւ վնասենք անիվը: Այդ անիվը մեր հաշվին է գնվում, այսինքն՝ պետական միջոցներից: Իհարկե, նաև մեր հաշվին են փչում, բայց դա ընդամենը 200 դրամ է»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով ոստիկանության նախազգուշացմանը, որ «նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ՝ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում», Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ոստիկանությանը կոչ եմ անում՝ իզուր կրքեր չբորբոքել, չփորձել մեզ հավասարակշռությունից հանել, որովհետև դա չի ստացվելու»:
«Ժողովո՛ւրդ ջան, խնդրում եմ ոստիկանների հետ լինել ծայրահեղ հարգալից: Եթե նույնիսկ փոխադարձ չէ, եթե նրանք այլ կերպ են պահում, մենք մեզ հարգալից ենք պահում: Ինչ էլ իրենք անեն, մենք իրենց նկատմամբ՝ միայն հարգալից: Մենք իրենց ո՛չ խոսքով, ո՛չ գործողությամբ, ո՛չ բարոյական, ո՛չ ֆիզիկական վնաս տալու իրավունք չունենք: Ով այլ կերպ է վարվում, մեր շարժման հետ ուղղակի կապ չունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Երևանի մյուս հատվածներում կենտրոնացած իրենց համակիրներին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շարունակել արգելափակել փողոցները, և հարակից շենքերի բնակիչներին՝ ջուր, ուտելիք հասցնել նրանց, որպեսզի նրանք շարունակեն իրենց քաղաքացիական անհնազանդության քայլը: