
Բաշխվում են պետության կողմից սուբսիդավորված դիզվառելիքը, պարարտանյութերը և սերմացուները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն երկու շաբաթ է, ինչ սկսվել է գարնանացանը, միաժամանակ՝ պետության կողմից տրամադրվող սերմացուների, դիզվառելիքի եւ պարարտանյութերի բաշխումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, ապրիլի 13-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում արդեն կատարվել է 5100 հեկտար հացահատիկային եւ 500 հեկտար կերային մշակաբույսերի ցանք:
«Պետության կողմից համայնքների տնտեսություններին, ըստ նախօրոք ներկայացված հայտերի, հատկացվել է 5883,6 տոննա ազոտական, 177,75 տոննա ֆոսֆորային, 104,5 տոննա կալիումական եւ 24,5 տոննա օրգանական պարարտանյութ, 1 միլիոն լիտր դիզվառելիք, 63 տոննա գարնանացան ցորենի, 202 տոննա գարու, 40,4 տոննա կորնգանի սերմացու, որից մարզ է ներկրվել եւ տնտեսություններին է բաշխվել 1700 տոննա ազոտական պարարտանյութ, մոտ 60 հազար լիտր դիզվառելիք, 135 տոննա գարու, 24 տոննա ցորենի, 15 տոննա կորնգանի սերմացու:
Պետության կողմից սուբսիդավորված սերմացուների, դիզվառելիքի եւ պարարտանյութերի ներկրումը եւ բաշխումը շարունակվում է: Առկա են բոլոր նախադրյալներն ու միջոցները՝ գարնանացանը ժամանակին ավարտի հասցնելու համար»,-հավաստեց գյուղբաժնի վարիչը:
Խոսրով Խլղաթյան