Քայլեր են ձեռնարկվում Կովկասյան ազնվացեղ եղջերուների պոպուլյացիան վերականգնելու համար

Իրանից մարտին Հայաստան տեղափոխված երեք կովկասյան ազնվացեղ եղջերուները գտնվում են «Դիլիջան» ազգային պարկում կառուցված դրանց բազմացման համար նախատեսված կենտրոնում:

Եղջերուներից երկուսը էգ են, մեկն՝ արու, կենդանիները 2,5-3 տարեկան են: Շուրջ մեկ ամիս կենդանիները գտնվել են կարանտինի մեջ: Այժմ եղջերուներից մեկը հղի է և մայիս ամսին ձագ կունենա:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն ասաց, որ արդեն երկար տարիներ է, ինչ Հայաստանից բացակայում էր կովկասյան ազնվացեղ եղջերուն:

«Այսօր՝ շնորհիվ ՀՀ բնապահպանության նախարարության, Կառավարության, Վայրի բնության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Կովկասի բնության հիմնադրամի մենք արդեն իսկ ունենք հաջողություն: Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը մարտ ամսից Իրանի Իսլամական Հանրապետությունից բերվել է Հայաստանի Հանրապետություն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է բազմացնել եղջերուներին, բայց բացի դրանից լրացուցիչ խմբաքանակներ են բերվելու՝ ներառյալ Վրաստանից և Ռուսաստանից 2018 թվականի երկրորդ կեսին:

«Մենք համաձայնություն ունենք նաև «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ, որպեսզի այստեղ բերենք նաև եվրոպական եղջերուներ, բայց միայն էգերի: Այդպիսով մենք կկարողանանք կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացումը զուգորդել: Մեր բնաշխարհին սպասվում է ակտիվ վերականգնման շրջան»,- ընդգծեց Մինասյանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն ասաց, որ Հայաստանում մայրական կազմի ընդհանուր քանակը պետք է կազմի 15 առանձնյակ:

Դրանք պահվելու են փոքր առանձնավանդակում, որը մոտ 1 հա է, իսկ ծնված ձագերը մեկ տարի անց կտեղափոխվեն մեծ առանձնավանդակ՝ մոտ 9 հա:

«1 հա տարածքում մարդիկ հնարավորություն կունենան շփվել եղջերուների հետ: Այստեղ կիսաազատ պայմաններ են լինելու: Ծնվելուց մեկ տարի անց, երբ տեղափոխվեն այլ տարածք, չեն շփվելու որևէ մեկի հետ, որպեսզի ընտելանան վայրի բնությանը: 3-4 տարի հետո ձագերին համապատասխան սարքավորման միջոցով (ռադիովզկապներ) բաց ենք թողնելու, որպեսզի հետևենք նաև նրանց շարժին և ապահովենք անվտանգությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ ամբողջությամբ տարածքը հսկողության տակ է թե էլեկտրական ցանցերի, և թե տեսախցիկների միջոցով:

Ծրագրի գործունեությունները ներառում են «Դիլիջան» ազգային պարկում եղջերուների բազմացման կենտրոնի ստեղծում, նշված տեսակի 4 արու և 11 էգ առանձնյակի ձեռքբերում և տեղափոխում Հայաստան, բազմացման կենտրոնի աշխատակիցների ուսուցում, կենդանիների խնամք և բազմացում, այնուհետև նրանց ազատ արձակում բնություն և հետագա մոնիթորինգ:

Տեսանյութեր

Լրահոս