«2014 թվականին Սերժ Սարգսյանն անկեղծ էր իր հայտարարության մեջ». Հովհաննես Իգիթյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանն անկեղծ է եղել 2014 թվականին՝ ասելով, որ ինքը չի հավակնում լինել նախագահ և վարչապետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հ. Իգիթյանն ասաց, որ ամեն շարքային քաղաքացի հասկանում է, որ առաջընթաց հնարավոր չէ այս քաղաքական թիմով:

Ըստ Հ. Իգիթյանի՝ Ս. Սարգսյանն էլ է դա գիտակցում. «Տեսեք՝ ինչպես կաշկանդված է նա խոսում կամ չի խոսում վերջին ժամանակներս: 2014 թվականին հանրաքվեից առաջ Ս. Սարգսյանի հայտարարությունը եղել է անկեղծ: Ոչ ոք նրան չի ստիպել ասել, որ ինքը չի իշխելու հավերժ, ինքն է եկել այդ եզրակացությանը՝ երևի հասկանալով, որ այլ ձև հնարավոր չէ: Ոչ միայն ինքը, այլև մարդիկ էլ են հույսեր կապել Սերժ Սարգսյանի նախագահության դադարեցման հետ: Մարդիկ կան, որոնք իրենց տուն ու տեղը, երկիրը թողած՝ եկել են Հայաստան այն հույսով, որ իրենք պետք է շարունակեն իշխեն այստեղ, ծրագրեր իրականացնեն: Առաջին հերթին՝ Կարեն Կարապետյանը: Նա չի թողել իր մեծ աշխատավարձը և լավ պաշտոնը Մոսկվայում՝ 2 տարի ՀՀԿ-ի համար «հաղթանակներ» ապահովելու ու աշխատելու կառավարության 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանում»:

168.am-ի հարցին՝ եթե Ս. Սարգսյանը 2014-ին անկեղծ է ասել, որ չի հավակնում լինել նախագահ կամ վարչապետ, ըստ Ձեզ՝ այս ընթացքում ի՞նչ է փոխվել, որ փոշմանել են՝ Հ. Իգիթյանն այսպես պատասխանեց.

«Դուք հնարավորություն ունեք այդ հարցն ինձ տալու, բայց հնարավորություն չունեք այդ հարցը Սերժ Սարգսյանին տալու: Հենց դա է վկայում, որ ինչ-որ մի բան է տեղի ունեցել, որ ինքը չի կարողանում արտահայտվել: Ընդամենը 1-2 ամիս առաջ ինքն ասում էր, որ ինքը դեռ կողմնորոշված չէ, և դա էլ էր անկեղծ ասում: ՀՀԿ-ի ներկայացուցիչները միայն մեկ ամիս առաջ են սկսել խոսել Սերժ Սարգսյանի մասին: Ես կարող եմ միայն ենթադրել, թե ինչ է փոխվել: Երևի այն մարդը կամ այն մարդիկ, որոնց Սերժ Սարգսյանը տեսնում էր այդ պաշտոնում, նկատի ուներ այն ժամանակ, երբ փոխում էր այդ ամբողջ համակարգը, չեն համապատասխանել հետագայում իր չափանիշերին, կամ ժամանակը ցույց տվեց, որ այս մարդիկ պաշտոններում չդարձան պետական գործիչ»:

Կարդացեք նաև

Հ. Իգիթյանի խոսքով՝ Ս. Սարգսյանը երևի ցանկանում էր ստեղծել մոդել, որտեղ ինքը, չունենալով պաշտոն, բայց լինելով ՀՀԿ ղեկավար, կկարողանար վերահսկել ԱԺ-ն և կառավարությունը. «Երևի նա տեսավ, որ դա հնարավոր չէ: Եթե ինքը չունենա այդ վերահսկելու հնարավորությունը, ինքը կարող է խնդիր ունենալ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս