«Գործ ունենք երկրորդ սառը պատերազմի հետ». Սուրեն Սարգսյան
«Կա կարծիք, որ Ասադին այս պահին ձեռք չէր տալիս քիմիական զենք օգտագործել, որովհետև նա իր տարածքն ամբողջությամբ ազատագրել է, իսկ եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցներն էլ ասում են, որ Ասադն իր ժողովրդի դեմ քիմիական զենք է կիրառել և պետք է դրա համար պատասխանատվություն կրի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ իրավիճակը չափազանց լարված է։
«ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստվում է հիթիռակոծել Սիրիայի տարածքը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, մանավանդ, եթե հրթիռակոծության արդյունքում զոհվեն ռուս զինվորականներ, ինչը չի բացառվում։ Սիրիայում բախվում են տասնյակ պետությունների, զինված խմբավորումների, ահաբեկչական կազմակերպությունների շահեր։ Սիրիան դարձել է տարածաշրջանային գերտերությունների համար հարաբերությունները պարզելու մի պլատֆորմ, որտեղ խաչվում են տասնյակ շահեր»,- նկատեց նա։
Հարցին՝ սա ռուս-ամերիկյա՞ն հակամարտություն է, թե՞ Սիրիայի շուրջ ընթացող, նա պատասխանեց՝ երկուսն էլ. «Մեծ հաշվով, կարելի է ասել՝ երկուսն էլ, որովհետև երկու պետությունն էլ շահեր ունեն ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ աշխարհում։ Ռուսաստանին ամերիկացիները մեղադրում են իրենց ընտրությունների ընթացքին խառնվելու մեջ, և Ռուսաստանն էլ հերքում է դա, ասում է, թե որևէ ազդեցություն չեն ունեցել։
Սա լուրջ ներքաղաքական խնդիրներ է առաջացրել նախագահ Թրամփի համար, և մինչ օրս նա պայքարում է այն թեզի դեմ, որ ռուսներն են իրեն օգնել, որ ընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Քլինթոնը 3 միլիոնով ավելի ձայն էր հավաքել ընտրությունների ժամանակ, բայց հաշվի առնելով ամերիկյան ընտրական մեխանիզմների առանձնահատկությունը՝ Թրամփը հաղթող էր ճանաչվել նախագահական ընտրություններում, սա լուրջ ներքաղաքական ճգնաժամ է ստեղծել Թրամփի համար, որովհետև նրան ընդդիմանում են ոչ միայն դեմոկրատները, այլև իր կուսակիցները՝ հանրապետականները։ Այս առումով իրավիճակը բավականին ծանր է»։
Ռուս-ամերիկյան հարաբերությունները, ըստ նրա՝ գտնվում են երկրորդ սառը պատերազմի փուլում. «Այսօր մենք գործ ունենք երկրորդ սառը պատերազմի հետ, և տարբերությունը հիմնականում այն է, որ, եթե առաջին սառը պատերազմի ժամանակ, բացի զենքի և զինամթերքի մրցավազքից, բացի ազդեցության տարածման գործընթացից, նաև կար գաղափարական պատերազմ, ապա այսօր գաղափարախոսության բախում չկա, դրա փոխարեն՝ կան ինտերնետում և այլ տեղերում ընթացող պատերազմները, որոնք, մեծ հաշվով, փոխարինում են այդ գաղափարական պատերազմին, որը կար սառը պատերազմի օրոք»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերին, նա ասաց, որ Ռուսաստանը ցանկանում է ամրապնդել իր գերակայությունը Սիրիայում, որովհետև համարում է, որ միակ պետությունն է, որն օրինական ճանապարհով լեգիտիմ կառավարության կողմից հրավիրված է այնտեղ.
«Թուրքիան նույնպես ունի իր շահերը, որովհետև պայքարում է քրդերի դեմ։ Մոտավորապես նույն շահն ունի նաև Իրանը, և այստեղ շահեր ունեն նաև Իսրայելը, Սաուդյան Արաբիան և այլ երկրներ։ Այսինքն՝ իրավիճակն այս պահի դրությամբ մոտավորապես այսպիսին է, և եթե ԱՄՆ-ը վերջիվերջո որոշի հրթիռակոծել Սիրիայի տարածքը, ապա դա, իհարկե, բարդացնելու է իրավիճակը»։