Բաժիններ՝

Սահմանամերձ համայնքներում գիշերը հանգիստ է եղել. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների արձակած կրակից ապրիլի 12-ի երեկոյան վնասվել է «Սպայկա» ընկերության բեռնատարի դիմապակին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 22:30-ի կողմերը Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում: Մեքենան ընթացքի մեջ է եղել, մոտ տարածություն է այդտեղ, արդյունավետ կրակ են կարողանում վարել, հակառակորդի հենակետը մոտ 500-600 մետր հեռավորության վրա է միջպետական ճանապարհից: Կրակել են «Սպայկա» ընկերության բեռնատարի վրա, ապակին է վնասվել, վարորդին ոչինչ չի պատահել: Վարորդը եկել, գյուղում կանգնել է, հետո ճանապարհը շարունակել»,-ասաց Նարեկ Սահակյանը: Նա նշեց, որ գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար, չեն կրակել:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ սահմանամերձ մյուս համայնքներում ևս գիշերը հանգիստ է եղել: «Գիշերը նորմալ է անցել»,-ասաց նա:

Ապրիլի 12-ին քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ կրակի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները։ Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս