«Համոզված եմ, որ վերջին 1.5 տարին դա ցույց է տվել». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համոզված է, որ կառավարության գործունեության վերջին 1.5 տարին ցույց է տալիս, որ ապագայում կայուն տնտեսական աճ ունենալու համար ստեղծված են բոլոր հիմքերը: Աժ-ում՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, Կ. Կարապետյանն ասաց.
«Մենք 2017թ. ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Առաջիկայում կհրապարակենք 2018թ. առաջին եռամսյակի ցուցանիշները, որոնք ավելի առաջանցիկ են, քան 2017թ-ին: 7.5 տոկոս աճն ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում: Ես հավատում եմ, որ մենք մոտ ապագայում ունենալու ենք տնտեսական աճ, որը մեզ հնարավորություն է տալու ֆունդամենտալ բարեփոխումներ անել: Համոզված եմ, որ վերջին 1.5 տարին դա ցույց է տվել»:
Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ 2018թ. համար կառավարությունը կանխատեսել է 4.5 տոկոս տնտեսական աճ՝ վստահեցնելով, որ եթե չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ, կանխատեսում են դրանից էլ բարձր աճ:
«Եվ այսպես շարունակական քայլերով մենք գալու ենք նրան, որ մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի իրեն լավ զգա և աշխատատեղերի ստեղծման, և սոցիալական խնդիրների բարելավման առումով»,- ասաց նա: