«Մի կողմում՝ անհոգ ժպիտներն ու հարստությունն է, մյուս կողմում` կեղեքված, անկում ապրող ու աղքատացած ժողովուրդը». Դավիթ Գասպարյան
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը և գրող Ռազմիկ Դավոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների, ձեռքբերումների և բացթողումների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեցին հասարակության տրամադրվածությանը: Թե ինչպե՞ս պատմության մեջ կմնա 2008-2018 թվականներն ընդգրկող տասնամյակը, գրականագետ Դավիթ Գասպարյանը նկատում է.
«Ամեն անգամ այսպիսի փոփոխություններից առաջ մեզ թվում է, թե ինչ-որ փոփոխություններ պետք է տեղի ունենան, այնինչ ամեն ինչ պարզապես վերարտադրվում է: Այն, ինչ կատարվում է այս օրերին մեր երկրում, ընդամենը փոքրիկ տեղաշարժեր են: Իշխանությունը մնում է նույնը, և, եթե կա ցանկություն որևէ բան փոխելու, ապա ցանկալի է, որ իշխանություններն ամբողջ դեմքով շրջվեն դեպի ժողովուրդը:
Մեր տանջված ժողովուրդը շատ մեղք է՝ տարիներ շարունակ այսպիսի ողբալի պայմաններում ապրելու համար: Տարիներ շարունակ մենք երկու իրար հակասող բևեռների մեջ ենք. մի կողմում՝ անհոգ ժպիտներն ու հարստությունն է, մյուս կողմում, որ բևեռի զգալի մասն է՝ կեղեքված, անկում ապրող ու աղքատացած ժողովուրդը: Արտագաղթի ահագնացող, սարսռեցնող պատկերն արդեն պարզապես բառերով ասելու բան չէ: Այս ամենին գումարած՝ գրեթե ամեն օր մենք սահմանից նույն լուրերն ենք լսում. սպանվեց՝ անուն, ազգանուն, հայրանուն… Ցավակցում ենք ընտանիքի անդամներին ու հարազատներին, բայց չէ՞ որ այդ սպանված երեխաներից ամեն մեկը մի տան ճրագ ու արեգակ էր: Ահավոր է, ընկերներ…
Ո՞վ պետք է պատասխան տա այս երկրում կատարվող ամենաթողության համար: Ինչ-որ բան այնպես չէ: Այս բոլոր հարցերի շուրջ պետք է մտածել՝ ոչ թե ծայրահեղ քայլերի դիմելով, այլ ամեն խնդիր օրհասական, առաջնահերթ ու գերակա խնդիրներ դարձնելով: Հակառակ դեպքում մենք կունենանք նոր նախագահ, ում առաջինը կշնորհավորի Մեծ Բրիտանիայի թագուհին, որը, իհարկե, շատ հաճելի մի բան է, բայց որևէ իրական օգուտ չտվող մեր առջև ծառացած օրհասական խնդիրներին»:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը նկատում է՝ մեր իրականության մի կողմում քաղաքական ռոմանտիզմն է՝ գեղեցիկ խոսքերով, հաճոյախոսություններով ու տեսիլքներով, մյուս կողմում իրական թշվառությունն է թևածում.
«Ինչ կատարվեց հիմա՝ մենք ունեցանք երկրի նոր նախագահ, բայց երկրի ղեկավարությունն ըստ էության մնաց նույնը: Արդյունքում՝ մենք, դժբախտաբար, դարձել ենք դոնոր ժողովուրդ՝ անդադար տալիս ենք, բայց վերադարձ չկա: Այդ է պատճառը, որ մեր երկրի վրա հիմա, Աստված գիտի՝ որքա՞ն հայ է մնացել: Եթե մենք հիմա տեսլականներ ենք մշակում, թե 2040 թվականին Հայաստանում ապրելու է 4.5 մլն բնակիչ, սա, իհարկե, շատ լավ ցանկություն է, բայց նայենք՝ ի՞նչ պայմաններ ունենք մենք դրան հասնելու համար: Ուրեմն ի՞նչ 4.5 մլն բնակչի մասին է խոսքը, երբ մարդն իր հարազատ երկրից փախչում է, ու ասում՝ լավ պրծանք»: