
Կիմ Չեն Ընն իր կուսակցության անդամների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունները. Reuters

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ապրիլի 9-ին անցկացրել է կառավարող Կորեայի աշխատավորական կուսակցության անդամների նիստ, որտեղ քննարկվել են ԱՄՆ-ի հետ երկխոսության հնարավոր արդյունքները, ինչպես նաեւ միջկորեական հարաբերությունների զարգացումը ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների հանդիպման նախաշեմին, որը պլանավորված է ապրիլի 27-ին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Կիմ Չեն Ընն արծարծել է մի շարք «ռազմավարական ու տակտիկական հարցեր», որոնք պետք է մշակվեն իր կուսակիցների կողմից: Իր հերթին «Ֆրանսպրես» գործակալությունն այդ կապակցությամբ նշել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդն այս կերպ առաջին անգամ պաշտոնապես քննարկել է հնարավոր երկխոսությունը Վաշինգտոնի հետ:
Ընթացիկ տարվա սկզբին Փհենչհանում Օլիմպիական խաղերի անցկացման ֆոնին ջերմացում է դիտվել Սեուլի եւ Փհենյանի փոխհարաբերություններում: Ավելի ուշ կողմերը պայմանավորվել են բարձր մակարդակի հանդիպում անցկացնել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ:
Դրանից հետո Հյուսիսային Կորեայի ղեկավարը կարող է հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որն ապրիլի 9-ին հույս է հայտնել, որ Կիմ Չեն Ընի հետ իր անձնական հանդիպումը կկայանա մայիսին կամ հունիսի սկզբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: