Հայաստանի 560 համայնքում ջրամատակարարման խնդիր կա
«Վեոլիա ջուրը» միանգամից ամբողջ հանրապետությունը վերցրել է, և նորմալ է, որ առաջին տարին դժվարություններ լինեն, մինչև այդ մարդիկ կարողանան ամբողջ համակարգը բերել այն վիճակին, որը պահանջվում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ «Վեոլիան» աշխարհի ամենախոշոր և լավագույն ջրամատակարար ընկերություններից մեկն է. «Մենք դրսից միջազգային օպերատոր ենք հրավիրել, որ այս ծանր վիճակը «Վեոլիայի» օգնությամբ կարողանանք շտկել։ Առաջին շահագրգռվածը, որպեսզի համակարգը շուտ ոտքի կանգնի և կարգավորվի, հենց «Վեոլիան» է, որովհետև նրա շահույթն ուղղակիորեն կապված է հենց լավ աշխատանքի հետ։ Միանգամից այդ 4-5 հարյուր համայնքի խնդիրները լուծելը դժվար է. իրենք էլ ունեն մեծ աշխատակազմ, խնդիրներ, որոնք լուծելով՝ կամաց-կամաց գնում են առաջ»։
168.am-ը հետաքրքրվեց, թե այս մեկ տարվա ընթացքում «Վեոլիա ջրի» կատարած աշխատանքն ինչպե՞ս է գնահատում, ինչ-որ տեսանելի արդյունքներ կա՞ն, որ կարող է ներկայացնել։ Ի պատասխան՝ Արսեն Հարությունյանն ասաց, որ կան կատարողական ցուցանիշներ, որոնք ընկերությունը պետք է ապահովեր.
«Մոտ 20 օրից տարեկան հաշվետվությունը պատրաստ կլինի, կհրապարակենք։ Հաջողություններ կան, և դրանք այն շրջանակներում են, որ կատարողական ցուցանիշներով նախատեսված էր, որ իրենք պետք է ապահովեն։ Առաջին տարվա համար կատարողական ցուցանիշները թույլ են, հետո ագրեսիվ ավելանում են։ Եթե այդ կատարողական ցուցանիշները չեն ապահովվում, օպերատորը լուրջ տույժ-տուգանքների է արժանանում, որոնք կարող են հասնել մինչև իր 15 տարվա վարձակալության գումարի ամբողջական չափին»։
Հայաստանում, ըստ նրա՝ կա 560 համայնք, որոնք «Վեոլիա ջրի» սպասարկման տարածքից դուրս են։ Այդ համայնքների ջրամատակարարման խնդիրը լուծելու համար Ջրային տնտեսության պետական կոմիտեն կազմում է փուլային ծրագիր, ըստ որի՝ տարիների ընթացքում պետք է վերականգնվի այդ համայնքների ջրամատակարարումը. «Հետո դա կտանք օպերատորին կամ նոր օպերատոր կհրավիրենք։
Այդ 560 համայնքի գնահատականը կա. 2015թ. գերմանական CES ընկերությունն ամբողջական ուսումնասիրություն է իրականացրել, գնահատվել է, որ ջրամատակարարման վերականգնման համար միայն անհրաժեշտ է 300 մլն եվրո գումար, իսկ ջրամատակարարումն ու ջրահեռացումը միասին՝ 700 մլն եվրոյի ծախս է։
Պետությունն ամբողջը միանգամից չի կարող անել, փուլ առ փուլ իրականացնելու ենք։ Մենք այս տարի մի ծրագրով արդեն սկսում ենք խմելու ջրի տարածքների վերականգնում, որով նախատեսվում է առաջիկա տարիների ընթացքում 60 մլն եվրոյից փոքր-ինչ ավելի գումար դնել՝ խմելու ջրի վերականգնման համար»։