«Սևանից հավելյալ ջրբացթողնման ժամանակ ամենածանր վիճակում ես եմ լինում». Արսեն Հարությունյան
«Մենք նոր խորքային հորեր ենք հորատում, մաքրման աշխատանքներ ենք կատարում, վերականգնման աշխատանքներ ենք անում այն խորքային հորերի, որոնք նախկինում աղտոտված են եղել։ Նաև ամբողջ հանրապետությունով մեկ լայնածավալ մաքրման աշխատանքներ ենք կատարում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ կան խողովակաշարեր, որոնք աղտոտված են, և, եթե այնտեղով պետք է անցնի վայրկյանում 2000 լիտր ջուր, սակայն դրանցով անգամ 5 լիտր ջուր չի անցնում։ «Սա համակարգային խնդիր է, և դա հիմնականում գալիս է այն մարդկանցից, ովքեր ասում են՝ մեզ ջուր չտվեցին։ Հենց այդ նույն մարդիկ են աղբը լցնում։ Մենք մաքրման աշխատանքներն ավարտում ենք, բայց այդ ջրատարներում հաջորդ օրն արդեն աղբը լցված է»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Սևանից հավելյալ ջրբացթողնմանը, նա ասաց, որ դրանում ամենաքիչն ինքն է շահագրգռված. «Սևանից հավելյալ ջրբացթողնման ժամանակ ամենածանր վիճակում ես եմ լինում, որովհետև ամբողջ կուժն ու կուլան իմ գլխին է կոտրվում»։
Հարցին՝ կարո՞ղ ենք հանգիստ լինել, որ այս տարի Սևանից լրացուցիչ ջրառ չի լինի, նա պատասխանեց, որ հանգիստ լինել չենք կարող, դեռ Սևանից լրացուցիչ ջրբացթողնման վտանգը կա. «Մենք այլ տարբերակ չունենք, Արարատյան դաշտում Սևանից բաց թողնվող հավելյալ ջրով 30 հազար հեկտարի ոռոգման հարցն ենք կարգավորում։ Ունենք տարբերակ՝ Սևանից բաց չթողնենք, այդ 30 հազար հեկտարի հողատերերին էլ ասենք՝ գիտե՞ք ինչ՝ հանրությունը դեմ է, բնապահպանները դեմ են, ծաղիկը, ձուկն ու թռչունն առաջնահերթ է, քան դուք և ձեր ընտանիքները։ Մենք այլ տարբերակ չունենք։ Միջոցառումներ կատարում ենք, օրինակ՝ կորուստների նվազեցման ծրագիրը։ Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը, որն իրականացրել ենք 37.5 մլն դրամով, ամբողջ համակարգում 28 տոկոս հասույթն ավելացել է։
Այսինքն՝ այն ջուրը, որ փախչում էր, մենք բռնում ենք արդեն։ Էլեկտրաէներգիայի ծախս ենք ավելացնում, որ կարողանանք խորքային հորերից ջուր հանել, որպեսզի Սևանից հավելյալ ջրառ չիրականացնենք։ Բայց գալիս է մի պահ, որ այդ տարածքների ջրապահովության հարցը միայն Սևանով կարող ենք լուծել»։
Թե Սևանա լճից հավելյալ ջրառն այս տարի որքան կարող է լինել, Հարությունյանը դժվարացավ ասել։