«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ունեն դաշնակցային, ռազմավարական գործընկերային բնույթ». Լավրով
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ունեն դաշնակցային, ռազմավարական գործընկերային բնույթ: Դրանք ամրագրված են երկկողմ համաձայնագրերում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փաստաթղթերում: Այս մասին հայկական լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ գնահատելով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները վերջին տասը տարիների ընթացքում:
Նա ընդգծել է, որ այդ կապերն ընդգրկում են պետությունների գործունեության, մեր ժողովուրդների կենսագործունեության՝ առանց բացառության բոլոր ոլորտները՝ քաղաքականությունից մինչև անվտանգություն, արտաքին քաղաքականությունից մինչև մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական շփումներ, հումանիտար կապեր, կրթություն և այլն:
ՌԴ արտգործնախարարը կարևորել է այն, որ հարաբերությունները վերջին տասը տարիների ընթացքում զարգացել են երկու երկրի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի անմիջական և վստահելի շփումների ներքո, նախագահները տարեկան մի քանի անգամ հանդիպումներ են անցկացնում բարձր մակարդակով, շփվում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքում, բազմաթիվ միջազգային ֆորումների շրջանակում:
«Ցանկանում ենք հատկապես առանձնացնել Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը, ինչն, անկասկած, մեր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը հաղորդեց հավելյալ, շատ հզոր խթան: Բավական է ասել, որ նախորդ տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2016 թվականի համեմատ ավելացել է ավելի քան 30 տոկոսով՝ հասնելով, եթե հիշողությունս չի դավաճանում, 1 մլրդ 750 մլն ԱՄՆ դոլարի»,- նշել է Լավրովը: Նա հիշեցրել է, որ ներկայում Հայաստանում գործում են ռուսական կամ համատեղ հայ-ռուսական ձեռնարկություններ, որոնք մեծապես օգուտ են տալիս հայ-ռուսական կապերին, դաշնակից Հայաստանի տնտեսությանը:
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև ավանդաբար շատ սերտ է ռազմատեխնիկական համագործակցությունը: «Առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովից բացի, մենք ունենք և ռազմատեխնիկական հարցերով համագործակցության հանձնաժողով: Դրանք աշխատում են ռիթմիկ կերպով և տալիս են լավ արդյունք»,- նշել է նա:
Լավրովը խիստ պահանջված է որակել հումանիտար ոլորտում համագործակցությունը՝ հիշեցնելով 2017 թվականի աշնանը Ռուսաստանում կայացած «Հայաստանի մշակույթի օրերը», որի բացմանը նոյեմբերին ներկա էին երկու երկրի նախագահները:
«Եթե քննարկենք կրթության ոլորտը՝ ապա Երևանում աշխատում է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը: Այդտեղ, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող ռուսական բարձրագույն ուսումնական հաստատությունների ութ մասնաճյուղերում, ռուսական բարձրագույն կրթական ծրագրերով սովորում են Հայաստանի շուրջ 3,5 հազար քաղաքացիներ: Բացի այդ, 5,5 հազար հայեր կրթություն են ստանում ՌԴ-ում, որոնցից 1500-ը՝ ՌԴ կառավարության կողմից Հայաստանին տրամադրված կրթաթոշակներով:
Վերջին տասը տարիների ընթացքում մեր երկկողմ հարաբերություններում, անկասկած, դիտվում է շատ կայուն և որակյալ աճ: Այն լրացվում է արտաքին քաղաքական ասպարեզում սերտ համագործակցությամբ: Մենք ՀԱՊԿ շրջանակում դաշնակիցներ ենք: Ես արդեն նշեցի ԵԱՏՄ-ն, որտեղ Հայաստանը լիիրավ անդամ է: Իհարկե, իր ակտուալությունը լիարժեքորեն պահպանում է նաև Անկախ պետությունների համագործակցությունը, ինչպես նաև մեր կոորդինացված գործողությունները Միավորված ազգերի կազմակերպությունում, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպությունում»,- ընդգծել է Լավրովը՝ նշելով, որ թեպետ վերջին տասը տարիների ընթացքում երկու երկրի հարաբերությունները բնորոշող ամեն բան չէ, որ նշեց, սակայն դրանք էլ բավարար են հասկանալու, թե որքան հարուստ են այդ կապերը և որքանով են դրանք տվյալ պահին համապատասխանում երկրների շահերին: