Բաժիններ՝

Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքները ռեկորդներ են սահմանել

«Լյուքս» դասի Mercedes-Benz ավտոմեքենաների գերմանական արտադրողը, որը մտնում է Daimler AG կոնցեռնի մեջ, ռեկորդային վաճառքներ է գրանցել 2018 թվականի մարտին, ինչպես նաեւ առաջին եռամսյակի արդյունքներով, մասնավորապես, Չինաստանում նրա մեքենաների բարձր պահանջարկի շնորհիվ։

Ինչպես հաղորդվում է Daimler-ի մամուլի տեղեկագրում, Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքները մարտին 3,9 տոկոսով աճել են մեկ տարի առաջվա նույն ամսվա համեմատությամբ եւ կազմել՝ 237 հազար 307 միավոր: Հունվարից մինչեւ մարտ ընկած ժամանակաշրջանում վաճառքներն ավելացել են 6 տոկոսով՝ մինչեւ 594 հազար 304 ավտոմեքենա:

Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքների աճի առավելագույն տեմպերը, ինչպես Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, նշվել են Չինաստանում՝ 17,2 տոկոս, որտեղ երեք ամսվա ընթացքում վաճառվել է ռեկորդային 169 հազար 932 մեքենա: Այդ ժամանակաշրջանում բրենդի՝ ՉԺՀ-ում վաճառված ավտոմեքենաների ավելի քան երկու երրորդն արտադրվել է այդ երկրում:

Այս տարի Mercedes-Benz-ի առավել մեծ ժողովրդավականություն վայելող մոդելներն արտաճանապարհայիններն են. մարտին դրանց վաճառքներն աճել են 13,9 տոկոսով՝ առաջին անգամ գերազանցելով 80 հազար միավորի նշագիծը: Արտաճանապարհայինների իրացումն առաջին եռամսյակում ավելացել է 12,5 տոկոսով՝ մինչեւ 211 հազար 636 ավտոմեքենա: 2016 թվականին Mercedes-Benz-ն առաջ է անցել BMW-ից՝ վաճառքների ծավալով դառնալով աշխարհում «լյուքս» դասի ավտոմեքենաների խոշորագույն արտադրողը, եւ այդ ժամանակվանից բրենդի դիրքը միայն ամրապնդվում է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս