Շվեյցարիայում աճուրդի է դրվել աշխարհի առավել արժեքավոր ադամանդներից մեկը
Կապույտ ադամանդը, որը պատկանել է Եվրոպայի բազմաթիվ թագավորական երեւելիների, աճուրդի է դրվել Ժնեւում: Լոտի մեկնարկային գինը 3,5 մլն դոլար է: Այդ մասին, հայտնել է անգլիական Sotheby՚s աճուրդի տունը:
6 կարատից փոքր-ինչ ավելի ադամանդն առաջին անգամ է աճուրդի դրվում: Թանկարժեք քարը հայտնաբերվել է 1715 թվականին Հնդկաստանի Գոլկոնդայի ալմաստի հանքերում:
«Ֆառնեզե կապույտ ադամանդի անհավանական ճակատագիրը պատմական տեսակետից նրան առավել գրավիչ թանկարժեք քարերից մեկն է դարձնում աշխարհում»,- ասել է Sotheby՚s-ի եվրոպական բաժանմունքի նախագահ Ֆիլիպ ֆոն Վյուրտեմբերգը:
Երեք հարյուրամյակ շարունակ գանձը որպես նվեր մի թագավորական տնից անցել է մյուսին՝ հատուկ զարդատուփով ճամփորդելով Եվրոպայով՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Ավստրիայում:
Թանկարժեք քարի տերերի թվում են Բուրբոնների եւ Հաբսբուրգների դինաստիաների ներկայացուցիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: