«Ամբողջ հայությունը պետք է ընդգրկվի այս գործընթացի մեջ». «Հոգևոր Հայաստանը» հանդիպումներ կունենա և՛ իշխանության, և՛ ընդդիմության հետ
«Մենք փորձեցինք հոգևոր շերտը կայացնելու համար մոտ 1.5 տարի առաջ հիմնել «Հոգևոր Հայաստանը» և փորձել բոլորի մեջ եղած լույսը համախմբելով՝ ձևավորել այն շերտը, որի գոյությամբ է պայմանավորված մեր վաղվա օրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը՝ նշելով, որ, թեև այս 1.5 տարվա ընթացքում բավականին գործ է արվել, բայց իրենց ակնկալիքները շատ ավելի մեծ են։ «Այսօր առկա մարտահրավերները ծայրահեղ աստիճանի են և պարտադրում են կոնկրետ գործի անցնել»,- ասաց նա։
«Հոգևոր Հայաստանի» անելիքները ներկայացրեց պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետյանը։ ««Հոգևոր Հայաստանը» բարձրաձայնում է միասնության պահանջը։ Երկու կարևորագույն խնդիր ունենք այսօր։
«Հոգևոր Հայաստանը» քաղաքական միավոր չէ, մտավորական մի խմբի նախաձեռնություն է, որն ուղղակի փորձում է ճանապարհ ցույց տալ։ Այսօր հայ ժողովրդի առջև կանգնած բոլոր մարտահրավերները կարող ենք հաղթահարել միմիայն համահայկական համակարգի և գործելակերպի որդեգրմամբ։ Մենք երբեք որպես միասնական ժողովուրդ հանդես չենք եկել ո՛չ ներսում, ո՛չ արտաքին աշխարհում։
Մենք հանդես ենք եկել հատվածային, կուսակցական և այլ կազմակերպչական տարբեր կառույցների միջոցով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ «Հոգևոր Հայաստանը» հանդիպումների շարք է սկսելու բոլոր քաղաքական կուսակցությունների և կառույցների հետ։
«Այս առումով մենք հստակ ճանապարհային քարտեզ ունենք և առաջարկներ ունենք ներկայացնելու մեր ժողովրդին»,- ասաց նա։
Երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանն էլ նշեց, որ հայ ժողովրդին, պետությանը թռիչք է պետք.
«Փորձը ցույց տվեց, որ մեր իշխանությունները չեղան այն գեներատորը, որը կհամախմբեր մեր ողջ հայությանը։ Սփյուռքում ձևավորված էլիտարներն էլ չեն ներկայացնում Սփյուռքի ամբողջ ուղնուծուծը։ Ինչ-որ մի ձևական շերտ է ձևավորվել, որը չի ներկայացնում այդ մարդկանց խնդիրները։
Այս 1.5 տարվա ընթացքում մենք բավականին շփումներ ենք ունեցել Սփյուռքի մեր հայրենակիցների հետ՝ զուտ տեսականորեն, որպեսզի փորձենք հասկանալ, թե ինչպես կարող ենք դառնալ գլոբալ ազգ։ Հետևում քարշ եկողի կարգավիճակը մեզ հարիր չէ, և, բնականաբար, պետք է ամեն բան ձեռնարկենք, որպեսզի ունենանք այդ թռիչքը»։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո, ո՞րն է իրենց հիմնական նպատակը:
«Մենք սկսելու ենք և՛ ընդդիմության, և՛ իշխանության, և՛ բոլոր կառույցների հետ աշխատանք, որովհետև, եթե ուզում ենք համախմբված ուժ, ուզում ենք համախմբված ձևով ներկայանալ աշխարհին, ուրեմն մենք դա պարտավոր ենք անել։
Մենք արդեն համաձայնություններ ունենք գրեթե բոլոր ավանդական կուսակցությունների հետ՝ «Ռամկավար, «Հնչակ», «Դաշնակցություն», ունենք «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ համաձայնություն, հիմա ընդդիմության հետ են ակտիվ քննարկումներ գնում, «Քաղաքացիական պայմանագիր», «Երկիր Ծիրանի» կուսակցությունների հետ ունենք պայմանավորվածություն, և նախատեսում ենք նաև հանդիպում իշխանության հետ։ Ամբողջ հայությունը պետք է ընդգրկվի այս գործընթացի մեջ»,- պարզաբանեց Ռ. Կարապետյանը։ Բանախոսները նշեցին, որ ձախողվելու դեպքում յուրաքանչյուրը կշարունակի զբաղվել իր գործով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում