
Ռուսաստանն առայժմ ՆԱՏՕ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ չի նշանակի

Ռուսաստանը ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցիչ չի նշանակի, քանի դեռ չի տեսնի, որ Հյուսիսատլանտայան դաշինքը պատրաստ է լուրջ աշխատանքի: Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 5-ին այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը։
«Այդ պաշտոնը (ՆԱՏՕ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի) թափուր կմնա, մինչեւ մենք նատոյականների կողմից լրջորեն աշխատելու իրական պատրաստակամություն չտեսնենք»,- ասել է նա: ՆԱՏՕ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը թափուր է մնում այն բանից հետո, երբ այն զբաղեցրած Ալեքսանդր Գրուշկոն 2017 թվականի վերջին նշանակվեց արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում: