«Ապրիլյան պատերազմից հետո իմ աշխարհայացքը և կյանքի նկատմամբ պատկերացումները փոխվել են». Ապրիլյան պատերազմի մասնակից

«Ապրիլյան պատերազմը լակմուսի թուղթ էր, որը բացահայտեց մեր ուժեղ և թույլ կողմերը, հայ զինվորի տոկությունն ու անկոտրում ոգին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Աֆրիկյանը։ Ապագա դիվանագետի համար ապրիլյան պատերազմի կարևոր դասերը երկուսն են. «Առաջին՝ մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ունենք ոչ ադեկվատ հակառակորդ, որը ԼՂ հակամարտության լուծումը տեսնում է ուժի և ռազմական միջոցով, այլ ոչ թե՝ խաղաղ բանակցությունների։

Երկրորդ դասն ինձ համար այն էր, որ մենք հասկացանք՝ մեր բանակաշինությունը պետք է հոսող գետի նման երբեք չդադարի։ Ինչպես մայրն է երեխային խնամում, այնպես էլ մենք պետք է միշտ հոգ տանենք մեր բանակի մասին, մեր ամբողջ ներուժն ուղղենք դեպի բանակաշինությունը»։ Ժորայի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում առաջնագծում շատ աշխատանքներ են կատարվել.

«Մենք սպառազինության արդիականացման մրցավազքից ետ չենք ընկել, վերազինել ենք մեր բանակը, և, եթե Ադրբեջանը նորից փորձի ռազմական գործողություններ սանձազերծել, ես վստահ եմ, որ մեր զինուժը պատրաստ է արժանի հակահարված տալ հակառակորդին։

Մենք ուժեղացրել ենք մեր հետախուզական հնարավորությունները․ հակառակորդի ցանկացած գործողություն մեր զինվորների տեսանելիության դաշտում է գտնվում»։

Ապրիլյան պատերազմից հետո Ժորայի աշխարհայացքը և կյանքի նկատմամբ պատկերացումները փոխվել են. «Կռվից հետո ավելի ես արժևորում կյանքի գինը, ավելի ես արժևորում հայ զինվորի դերն ու նշանակությունը մեր պետականության, և հատկապես՝ պատերազմող երկրի համար, քաջ գիտակցում ես, որ մենք պետք է մեր ամբողջ ներուժը դնենք մեր պետականության զարգացման և բանակի հզորացման համար։ Մենք պատերազմող երկիր ենք, մեր պատերազմը դեռ շարունակվում է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս