Մասնագետը խորհուրդ է տալիս զգուշանալ բարձր տոկոս պարունակող տրանսճարպաթթուներով մթերքներից
Տարբեր մթերքներում առկա տրանսճարպաթթուները վատ են անդրադառնում մարդկանց առողջական վիճակի վրա։
Լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց պարենային իրավունքի մասնագետ Դավիթ Պիպոյանը։
«Տրանսճարպաթթուների հետ կապված՝ շատ կարևոր խնդիր ունենք, մասնավորապես հասարակությանը ճիշտ և օբյեկտիվ տեղեկություն տալու վերաբերյալ։ Մարդկանց մեծամասնությունը չգիտի, թե ինչ է տրանսճարպաթթուն, և ընդհանրապես ինչով են տարբերվում հիդրոգենացված ճարպերը։ Սրանք երկու համարժեք անվանումներ են, որոնք օգտագործվում են, և ինքս խանութներում ուշադրություն եմ դարձրել ծագման սերուցքների վրա, որոնք իրացվում են: Մեր տնտեսուհիները շատ են սիրում ու տարբեր թխվածքներ են պատրաստում: Օգտագործվում է «հիդրոգենացված ճարպ» տերմինը, ինչը նշանակում է, որ բուսական յուղերը հեղուկ վիճակում են։ Քսվող կոնսիստենցիա ստանալու համար հիդրոգենացնում են, ինչի արդյունքում այն ձեռք է բերում տրանսիզոմեր և այս մթերքը հենց դրա համար էլ կոչվում է տրանսճարպաթթու»,- նշեց Պիպոյանը։
Նրա խոսքով՝ գոյություն ունի մարդու օրական տրանսճարպաթթու ստանալու չափ ՝ 4 գրամ, ինչը հաստատված է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։
«100 գրամ պաղպաղակ օգտագործելու դեպքում, որը պարունակում է 7 տոկոս ճարպաթթուներ, մեկ պաղպաղակի սպառման արդյունքում օրական չափը մոտ 2 անգամ գերազանցվում է։ Տրանսճարպաթթուներ կան նաև չիպսերում, կաթնամթերքում, բլիթներում և այլն»,- ընդգծեց պարենային իրավունքի մասնագետը։
Պիպոյանը վստահեցրեց, որ փոփոխություններ կան, որոնք իրականացվել են ԵԱՏՄ-ի ճարպային արտադրանքի համապատասխան տեխնիկական կանոնակարգում, բայց ոչ բոլոր տնտեսավարող սուբյեկտներն են բարեխղճորեն հետևում օրենքի պահանջին։
2018 թվականին տեխնիկական կանոնակարգը մտել է ուժի մեջ, և, եթե նախկինում թույլատրվում էր 8-20 տոկոս, ապա նոր կանոնակարգով՝ ընդամենը 2 տոկոս։ Ամփոփելով՝ Պիպոյանն ասաց, որ շուկայում առկա են համապատասխան արտադրանքներ, որոնք ավելի բարձր տոկոսով են մակնշված։