«Քեզ կարգի հրավիրիր». Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Իսրայելի վարչապետի «Twiter»-ում կատարած այն գրառմանը, որտեղ Նեթանյահուն ասել էր, որ չի պատրաստվում խրատներ լսել Թուրքիայից, ում բանակը հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Էրդողանը, Ադանայում խոսելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ, Նեթանյահուի վերաբերյալ ասել էր․
«Նա ասում է, որ մեր զինվորներն Աֆրինում հրթիռակոծում են մարդկանց։ Հե ՜յ Նեթանյահու, դու շատ թույլ ես և խղճուկ։ Քեզ կարգի հրավիրիր։ Մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ, սակայն քո հոգսը ահաբեկիչները չեն, քանի որ քո երկիրը ահաբեկչական պետություն է»:
Կարճ ժամանակ անց Իսրայելի վարչապետը «Twiter»-ի իր էջում, նորից պատասխանելով Թուրքիայի նախագահին, գրել է․
«Հյուսիսային Կիպրոսը օկուպացրած, քրդական տարածքներ ներխուժած և Աֆրինում խաղաղ բնակչությանը կոտորած պետությունը չի կարող մեզ մարդկային արժեքների վերաբերյալ խրատներ և դասեր տալ»։
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական նոր լարվածության պատճառ է հանդիսացել Իսրայելի բանակի վերջին գործողությունները պաղեստինցիների դեմ։ Մարտի 30-ին պաղեստինցիները կազմակերպել են«Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան։ Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև, ինչի հետևանքով զոհվել է ամենաքիչը 17 պաղեստինցի: Մինչդեռ տուժածների թիվը հասել է մոտ 1.500-ի: