Բաժիններ՝

Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը բավարար է, մյուսի վիճակը շարունակում է մնալ ծանր

Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած եւ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանի (ծնվ. 1974 թ.) վիճակը բժիշկները գնահատվում են բավարար: Նա գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: « Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում: Հիվանդն առաջիկայում որեւէ վիրահատության չի ենթարկվի»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին բաժանմունքից:

Ականի պայթյունի հետեւանքով վիրավորված մյուս հիվանդի` Գարիկ Ղահրիյանի (ծնվ. 1987 թ.) վիճակը շարունակում է գնահատվել ծանր, սակայն դրական դինամիկայով: «Նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների անդամահատում, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ»,-տեղեկացրին հիվանդանոցից:

Միջադեպը գրանցվել էր մարտի 29-ի առավոտյան: Միջազգային «HALO Trust» կազմակերպության աշխատակիցները, ովքեր Ղազանչի տեղանքում էին ականազերծման աշխատանքներ կատարելու նպատակով, մեքենայով պայթել են ականի վրա: Դժբախտ պատահարի հետեւանքով երեք մարդ մահացել է, երկուսը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս