
«Էմմի»-ի տասնակի մրցանակակիր Սթիվեն Բոչկոն մահացել է քաղցկեղից

ԱՄՆ-ում 74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի սցենարիստ եւ պրոդյուսեր Սթիվեն Բոչկոն: Այդ մասին The Hollywood Reporter-ին պատմել է նրա ներկայացուցիչ Ֆիլիպ Առնոլդը: Վերջին տարիներին Բոչկոն պայքարում էր սպիտակարյունության դեմ, որից բարդացումներն էլ հենց նրա մահվան պատճառը դարձան:
«Նա մահացել է իր տանը քնած ժամանակ, ընտանիքի անդամների շրջապատում»,-ընդգծել է Առնոլդը: Սթիվեն Բոչկոն ծնվել է 1943 թվականին Նյու Յորքում: Նա հեռուստատեսային այնպիսի սերիալների հեղինակն է, ինչպիսիք են «Հիլ-սթրիթի բլյուզը», «Լոս Անջելեսի օրենքը» եւ «Նյու Յորքի ոստիկանությունը» ֆիլմերը:
Այդ շոուները սցենարիստին տասը «Էմմի» մրցանակ բերեցին «Լավագույն դրամա» կատեգորիայում: Եթերում լինելու ողջ ժամանակաընթացքում «Հիլ-սթրիթի բլյուզ» սերիալը հեռուստամրցանակին անվանակարգվել է 98 անգամ: Բացի դրանից, Բոչկոն աշխատել է «Կոլոմբո», «Սիթի-բլյուզ ծոցը» եւ «Փարիզ» սերիալների, ինչպես նաեւ «Լռելյայն վազք» ֆիլմի սցենարների վրա: