
Չինաստանը բարձրացրեց գրեթե 130 տեսակի ամերիկյան ապրանքների մաքսերը

Չինաստանում ապրիլի 2-ից ուժի մեջ են մտնում ամերիկյան արտահանման 128 տեսակի ապրանքների ներկրման մաքսերը: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը։
Այսպես, 15-ից մինչեւ 25 տոկոսով բարձրացվում են սառեցված խոզի մսի, խաղողի գինիների, որոշ տեսակի մրգերի, ընկուզեղենի Չինաստան ներկրման սակագները: Այս միջոցը ձեռնարկվել է ի պատասխան ԱՄՆ-ի կողմից պլանավորվող չինական պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի բարձրացման:
Ամերիկյան այն ապրանքների ցուցակը, որոնք Չինաստանում կհարկվեն նոր մաքսերով, ապրիլի 1-ին հրապարակել է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը: Չինական կողմի պատասխան միջոցը կվերաբերի 3 միլիարդ դոլար կազմող ամերիկյան արտահանական ապրանքների: Չինաստանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը հնարավորինս շուտ կվերացնի պողպատի եւ ալյումինի՝ ավելի վաղ սահմանած մաքսերը, որպեսզի երկու երկրների փոխադարձ առեւտուրը վերադարձնի նորմալ հուն, ասված է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության հայտարարության մեջ: