Ուժգին քամու հետևանքով վնասներ են արձանագրվել Շիրակի մարզի 16 համայնքների 26 բնակավայրերում
Անցած շաբաթ և կիրակի օրերին Շիրակի մարզում ուժեղ քամու առկայությունը մեծ վնաս էր հասցրել որոշ շենքերի կտուրներին, որոնք մեծամասամբ լավ ամրացված չէին եղել: Պոկվել էին նաև որոշ կտուրների ծածկեր, վնասվել էլեկտրական լարեր:
Արթիկում որոշ բազմաբնակարան շենքերի կտուրներ, որոնք նոր էին հիմնանորոգվել, ուժեղ քամու հետևանքով ևս պոկվել էին:
Գյումրիում քամին մեծ վնաս է հասցրել եղևնիներին. Մասնավորապես՝ Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կիրակի օրն արտակարգ խորհրդակցություն էր անցկացրել մարզպետարանի պատասխանատուների, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության, ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատասխանատուները մարզպետին զեկուցել էին ուժեղ քամու հասցրած վնասների ու դրանց հետևանքների վերացման առնչությամբ իրականացված աշխատանքների մասին:
«Շիրակի մարզպետարանում սահմանվել էր հերթապահություն, մարզպետարանի պատասխանատուներն աշխատել են արտակարգ ռեժիմով մինչև 22:30-ը և կապի մեջ են եղել բոլոր պատասխանատու ծառայությունների հետ»,- խորհրդակցության սկզբում նշել էր Շիրակի մարզպետը:
Նախնական տվյալներով՝ ուժգին քամու հետևանքով վնասներ արձանագրվել են Շիրակի մարզի 16 համայնքների 26 բնակավայրերում:
Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը տվյալներ ներկայացնելիս նշել էր, որ ահազանգեր ստացվել են ժամը 15:00-ի սահմաններից, եղել է շուրջ 30 արտակարգ դեպք, բոլոր ահազանգերին վարչությունն արձագանքել է օպերատիվորեն, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Ահազանգերը հիմնականում վերաբերել են բնակելի տների ու բազմաբնակարանների, դպրոցների տանիքների մասնակի կամ ամբողջական վնասվելուն, ծառերի, էլեկտրասյուների շրջվելուն, եղել են նաև հրդեհների դեպքեր:
Վերջին օրերին Գյումրու որոշ բնակիչներ դժգոհում էին նաև էլեկտրամատակարարման ցանցում լարման տատանումներից:
ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանի տեղեկացմամբ՝ էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ արդեն չկան մարզում, առկա են միայն վթարային անջատումներ:
Կիրակի օրը մասնագետները, իրականացնելով վթարավերականգնողական աշխատանքներ, մարզի 45 բնակավայրերից 20-ում վերականգնել են էլեկտրամատակարարումը:
Նշենք, որ Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզպետարանում ստեղծվել է քամու հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով, որը բաժանված է 3 խմբի:
Այսօր առավոտից մասնագետները շրջում են բոլոր բնակավայրերում:
«Մարզային հանձնաժողովի անդամներին հանձնարարում եմ գույքագրել բոլոր վնասները, հետևողական և ուշադիր աշխատել բնակավայրերում: Մեր բնակիչները պետք է հստակ իմանան, որ դժվարության մեջ մենակ չեն, սակայն պետք է բացառել վնասների տվյալների ուռճացումը»,- նշել է Շիրակի մարզպետը:
Անահիտ Սիմոնյան