Բաժիններ՝

«Եթե այդ դեղերն այստեղ կան, ապա ինչո՞ւ ենք Եվրոպայից դեղեր բերում և ասում, որ դրանց ազդեցությունն ավելի ուժեղ է». Միքայել Մելքումյանը՝ ԱՆ փոխնախարարին

«Այն, որ մենք պետք է գնանք քաղաքակիրթ դեղատոմսերի միջոցով դեղ բերելու ճանապարհով, ակնհայտ է, բայց այն, որ այդ գործընթացի համար պետք է բարենպաստ պայմաններ լինեն, դա էլ է ակնհայտ։ Պետք է դա համալիր լինի։ Դուք համալիր նախապատրաստվա՞ծ եք այս միջոցառումն իրականացրել, թե՞ բազում ռիսկեր հաշվի չեք առել, հիմա նոր բախվել եք այդ ռիսկերին և մտածում եք՝ ինչ անել»,- այսօր խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հարցրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում ընթանում են «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ:

Ի պատասխան՝ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ որոշել են դեղատոմսերը փուլերով կիրառել՝ հենց հաշվի առնելով այդ ռիսկերը. «Մենք այդ ռիսկերը գնահատել ենք։ Այս ոլորտի բարեփոխումները կրում են համալիր բնույթ։ Դեղատոմսերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որ առաջ են քաշվում առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման հետ ամբողջությամբ լուծվելու են։ Կարգի մեջ նշված է էլեկտրոնային ճանապարհով դեղերի դուրսգրման խնդիրը, որն անմիջապես լուծում է բազմաթիվ խնդիրներ, ընդհուպ՝ մինչև դեղատոմսերի հեռահար ներկայացման խնդիրը»։

Մելքումյանը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք դեղատոմսով դուրս գրվող դեղերն իրական դեղեր են, թե՞ կեղծ դեղեր կան. «Եթե այդ դեղերն այստեղ կան, ապա ինչո՞ւ ենք Եվրոպայից դեղեր բերում և ասում, որ դրանց ազդեցությունն ավելի ուժեղ է»։

Սերգեյ Խաչատրյանը պարզաբանեց, որ դեղատոմսը մեծացնում է բժշկի և դեղատան պատասխանատվությունը. «Դեղատոմսով դուրս գրված ցանկացած դեղի վերաբերյալ կարելի է տեղեկություն ստանալ՝ ինչպես է դա ներմուծվել, ով է ներմուծել, ինչպես է օգտագործվել, ով է նշանակել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս