Ստեփանակերտում կայացել է «Քո Սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը
Մարտի 23-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի (BSC Business Support Center) հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի «Քո Սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Գևորգյանն ասել է, որ գիրքը գրվել է 2016-17 թվականների ընթացքում և հիմնական թիրախն այն մարդիկ են, ովքեր ցանկություն ունեն սկսելու իրենց սեփական բիզնեսը, ինչպես նաև նրանք, ովքեր արդեն սկսել են և նպատակ ունեն խնդիրներ լուծել իրենց բիզնեսն ավելի լավ զարգացնելու և կառավարելու ուղղությամբ:
«Գիրքը բաղկացած է 4 հիմնական մասերից՝ «Պլանավորի՛ր քո բիզնեսը», «Կազմակերպի՛ր քո բիզնեսը», «Կառավարի՛ր քո բիզնեսը» և «Զարգացրու՛ քո բիզնեսը»: Գաղափարը կայանում է նրանում, որ պլանավորելուց, կազմակերպելուց և կառավարելուց զատ, նաև պետք է բիզնեսն այսօրվա պայմաններում զարգանա: Այդ նպատակով գրքում լրացուցիչ գլուխներ են ավելացել՝ բանակցությունների, վաճառքների, թվային մարքեթինգի վերաբերյալ, որը սկսնակ և գործող ձեռներեցներին կօգնի ավելի հեշտ կառավարել իրենց բիզնեսը: Գիրքը գրվել է անհրաժեշտությունից ելնելով, քանի որ ամեն օր տասնյակ մարդիկ նույն հարցն են տալիս՝ ինչպիսի բիզնես կարելի է սկսել: Բոլոր հարցերի պատասխանները ներկայացված են այստեղ: Գիրքը տրամաբանական սկիզբ ունի այն տեսանկյունից, որ սկսվում է «Վարձատրվող աշխատա՞նք, թե՞ սեփական բիզնես» հարցով:
Դրան հաջորդում են հերթական տրամաբանական գլուխները՝ ինչպես գրանցել, ինչպես բիզնես պլան գրել, մոդելը կառուցել: Արցախում բիզնես ոլորտը գնահատել դժվար է, քանի որ Հայաստանում խնդիրների տեսանկյունից նույն դաշտում ենք: Ես ձգտում եմ խնդիրներին ուշադրություն չդարձնել՝ շեշտը դնելով հնարավորությունների, խնդիրների լուծման և խոչընդոտների հաղթահարման վրա: Բոլոր բիզնես սկսել ցանկացողներին էլ խորհուրդ կտայի, որ յուրաքանչյուր մարդ ինքն իր համար սահմաններ դնի՝ մրցակցելով առաջին հերթին ինքն իր հետ: Գրքում ներկայացված են 200 հայկական իրական պատմություններ, և այն գրվել է հենց այդ գաղափարի հիման վրա»,- մասնավորապես նշել է Ս. Գևորգյանը:
Ի դեպ, մի քանի տարի առաջ «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը և Ստեփանակերտում գործող «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը համատեղ դասընթացներ էին կազմակերպում մայրաքաղաքում և շրջաններում:
Շնորհանդեսին ներկա «Արցախհէկ» ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն, «Արեգակ» ՈՒՎԿ ուսուցողական ծրագրերի նախկին ղեկավար Վահրամ Բեգլարյանն ասել է, որ համագործակցության շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնին հրավիրում էին այստեղ՝ դասընթացներ անցկացնելու:
«Նրանց օգնությամբ և նրանց փորձն օգտագործելով՝ մենք կարողացանք մեր բիզնեսը ստեղծել Արցախում: Համոզված եմ՝ գիրքը հաջողված է և ընթերցելի կդառնա բոլոր այն մարդկանց համար, ովքեր ձգտում ունեն բիզնես սկսելու: Ես կարծում եմ, որ Սամվել Գևորգյանի կողմից ներկայացված դրույթները համապատասխանում են նաև Արցախում բիզնես ոլորտ ձևավորելուն և զարգացնելուն»,- մասնավորապես նշել է Վ. Բեգլարյանը:
Իսկ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության անդամ, տնտեսագետ Եվգենյա Հայրիյանն էլ ասել է, որ նախաձեռնությունը հետաքրքիր էր, և այս գիրքը իր մեջ պարունակում է մոտիվացնող երևույթներ, տարբեր պատմություններ գործող բիզնեսների հաջողության մասին:
«Գիրքը տալիս է բիզնեսների գաղտնիքների բացահայտում, և կարծում եմ՝ բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն բիզնեսով զբաղվելու, սա պետք է հնարավորություն համարեն և օգտագործեն դրանում զետեղված խորհուրդները: Մեր երիտասարդների մոտ առկա են շատ հետաքրքիր գաղափարներ, պարզապես մնում է զինել տեսական գիտելիքներով և նոր բիզնես սկսելու հանդգնություն առաջ բերել»,- ընդգծել է Ե. Հայրիյանը:
Հիշեցնենք, որ «Քո Սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը կազմակերպվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության աջակցությամբ: