Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլ ամսին, և արդյո՞ք ցրտահարության վտանգ կա. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2017-2018թթ. ընթացքում եղել են այնպիսի եղանակային պայմանների անոմալիաներ, որոնք անցան պատմության գիրկը՝ օդերևութաբանական տեսանկյունից։
Մասնավորապես, նա առանձնացրեց 3 խոշոր անոմալիա՝ 2017թ. սարսափելի ցուրտ ձմեռ, 2017 թվականի շատ շոգ ամառ, երաշտ, անտառային աննախադեպ հրդեհներ և 2018թ. աննախադեպ տաք ձմեռ. «Հունվար ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում բարձր է եղել նորմայից 5-6 աստիճանով, հատկապես՝ շատ տաք էր Արարատյան դաշտի հատվածը։ Հունվարի 19-ին, 20-ին Արարատյան դաշտում ջերմաստիճանը բարձրացավ մինչև +15 աստիճան, որն այդ օրերին այստեղ գրանցված երբևիցե ամենաբարձր ջերմաստիճանն էր։ Հունվարը գրավեց երրորդ տեղը՝ 1963 և 1966 թվականներից հետո՝ դառնալով երրորդ ամենատաք հունվարը։ Իսկ ահա փետրվարն Արարատյան դաշտի և Երևանի համար դարձավ մեր պատմության մեջ ամենատաքը։
Միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր եղավ 6-8 աստիճանով։ Ռեկորդը պատկանում էր 1955թ., իսկ 2018 թվականի փետրվարը դարձավ վերջին 100 տարիների ամենատաք փետրվարը»։
Մարտ ամիսը, ըստ Սուրենյանի՝ նույնպես տաք սկսվեց, ինչպես և կանխատեսվել էր. «Հատկապես շատ բարձր ջերմային ֆոն դիտվեց մարտի 18-ից հետո։ Մարտի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում ունեցել ենք հատվածներ, երբ միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 12-15 աստիճանով»։
Ինչ վերաբերում է ցրտահարությունների վտանգին, նա նշեց, որ ծառերի ծաղկման հետ զուգահեռ՝ նման մեծ վտանգ կար, որովհետև մարտ ամսին շատ հաճախ են լինում ցուրտ օդի ներխուժումներ. «Բայց, ի ուրախություն մեզ՝ մենք չունեցանք ցուրտ օդի ներթափանցում, այլ հակառակը՝ օդի ջերմաստիճանը վերջին օրերին բարձրացավ։ Բայց Հայաստանում ցրտահարության վտանգը պահպանվում է մինչև ապրիլի 25-ը ներառյալ, այսինքն՝ մենք ունեցել ենք տարիներ, որ նույնիսկ ապրիլի 24-25-ին օդի ջերմաստիճանն ընդունել է բացասական արժեքներ, և ունեցել ենք ցրտահարություն։
Բայց եթե մարտն արդեն շրջանցում ենք, թևակոխում ենք ապրիլ, ապա ըստ օրերի՝ ցրտահարության հավանականությունը փոքրանում է։ Այսինքն՝ մարտ ամսին ցրտահարության հավանականությունն ավելի մեծ է, քան ապրիլին։ Առաջիկա 5 օրերի համար վստահ կարող եմ ասել, որ հանրապետության հովտային գոտիներում ցրտահարություն չի սպասվում»։
Գագիկ Սուրենյանն ասաց, որ ապրիլի կանխատեսումները նույնպես դրական են. «Ապրիլ ամսին օդի ջեմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, ամբողջ հանրապետության տարածքում տեղումները կանխատեսվում են նորմայից ավելի, որը շատ լավ է, որովհետև բոլորս էլ գիտենք, որ տաք ձմռան արդյունքում մենք այս պահին ունենք ջրի խնդիր։
Տեղումները շատ կլինեն նորմայից, որոնք քիչ թե շատ կմեղմեն այդ սակավաջրության վտանգը։ Բայց քանի որ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, այսինքն՝ լինելու է այնպիսի ապրիլ, որը բնորոշ է մեր կլիմայական պայմաններին, ապրիլը նման կլինի այս տարվա մարտին։ Մենք մարտին ունեցել ենք ապրիլ ամսվա ջերմային ֆոն»։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետն ասաց, որ հովտային գոտիներում ապրիլ ամսին ցերեկային ջերմաստիճանը կտատանվի +22 +24 աստիճանի սահմաններում, գիշերային ժամերին՝ +8 +10 աստիճանի սահմաններում. «Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +3 +8 աստիճանի սահմաններում, ցերեկային ժամերին՝ +15 +20 աստիճանի սահմաններում։ Լոռիում և Տավուշում ցերեկային ժամերին սպասվում է՝ +24, իսկ գիշերը՝ +8 +10 աստիճան տաքություն։ Ամենատաքը կլինի Սյունիքի հատվածը, որտեղ ցերեկային ջերմաստիճանը կտատանվի +25 +27-ի սահմաններում, իսկ գիշերային ջերմաստիճանը կլինի +10 +15։ Նույնը՝ նաև մայրաքաղաքում․ ամսվա ընթացքում կգերակշռեն +20 +22 ցերեկային ջերմաստիճանները, +10 +12 գիշերային ջերմաստիճանները»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում