Բաժիններ՝

Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը կառավարության նախագահի պաշտոնի նոր թեկնածու է առաջադրել

Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը կատալոնական կառավարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ, պատգամավոր Ջորդի Տուրուլի թեկնածությունն է առաջադրել տարածաշրջանի ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է պալատի՝ մարտի 21-ին Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ։

«Խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը Ժորդի Տուրուլին առաջարկում է որպես Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) նախագահի պաշտոնի նոր թեկնածու եւ նիստ է գումարում նրա թեկնածության շուրջ»,-նշվում է հայտարարության մեջ: Քննարկումները նշանակված են մարտի 22-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին):

Սկզբնապես տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջարկվել էր Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնի թեկնածությունը: Իսպանիայի տարածքում այդ քաղաքական գործչի ձերբակալման օրդեր է գործում, որին դատախազությունը խռովության, ապստամբության եւ վատնումների մեջ է մեղադրում Կատալոնիայի անկախության հասնելու փորձերից հետո: Այդ կապակցությամբ նա չէր բացառում այդ պաշտոնը դիստանցիոն զբաղեցնելու հնարավորությունը:

Այդուամենայնիվ, Սահմանադրական դատարանը դեմ արտահայտվեց իրադարձությունների նման զարգացմանը: Այդժամ Պուչդեմոնն առաջարկեց, որ Կատալոնիայի առաջնորդի պաշտոնի համար առաջադրվի իր զինակից պատգամավոր Ժորդի Սանչեսի թեկնածությունը, որը խռովության հնարավոր հրահրման գործի ֆիգուրանտ է եւ անցյալ տարվա հոկտեմբերի կեսին կալանքի տակ է վերցվել մինչեւ հետաքննության ավարտը: Այդուհանդերձ, մարտի 21-ին Սանչեսը հրաժարվել է այդ պաշտոնին հավակնելու հնարավորությունից:

Սպասվում է, որ մարտի 23-ին Իսպանիայի Գերագույն դատարանը մեղադրական եզրակացություններ կհրապարակի «անջատողական գործընթացի» գործով անցնող քաղաքական գործիչների վերաբերյալ: Տուրուլը նույնապես նրանց թվում է, ում երկրի դատախազությունը մեղադրում է խռովության, ապստամբության եւ վատնումների մեջ:

Գերագույն դատարանը նաեւ պետք է խափանման միջոց ընտրի կասկածյալների համար: Եթե դատարանը որոշի հետաքննության ընթացքում կալանքի տակ վերցնել պատգամավորին, ապա նա չի կարողանա հավակնել տարածաշրջանային ղեկավարին պաշտոնին: Հենց այդ պատճառով էլ Կատալոնիայի խորհրդարանի նիստը նշանակված է մարտի 22-ին, այսինքն՝ Գերագույն դատարանի որոշումից մեկ օր առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս